Ես կարիք չեմ ունեցել շնորհակալության.Աննա Ստեփանյան
«Կրթական համակարգն ունի դժվարություններ ու խնդիրներ։ Եվ ես այս պահին աշխատելու եմ, որ իրականացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք պետք են կրթական համակարգի համար», - Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը։ Հարցին, թե մամուլը գրում է, որ իշխանություններն իրեն շնորհակալություն են հայտնել ավագանու նընտրություններում իր կատարած աշխատանքի համար, արձագանքեց. «Կրթական գործունեությանս ընթացքում ես այնքան մաքուր եմ աշխատել, որ կարիք չեմ ունեցել նման շնորհակալության։ Սա մեծ պարտավորվածություն և պատասխանատվություն է, որի առաջ կանգնել եմ։ Շնորհակալության խնդիր չի եղել և չի կարող լինել»։
«Կարծում եմ, որ կրթական համակարգի ներկայացուցիչները պետք է քաղաքականացված չլինեն։ Վստահեցնում եմ, որ եթե մարդիկ աշխատանքից հետո ունեցել են իրենց գործունեությունն այս նպատակով, ապա դա որևէ կերպ չի անդրադարձել կրթական համակարգին»,-հարցին,թե ինչպե՞ս է վերաբերվում այն ուսուցիչներին, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայներ են բերել Հանրապետական կուսակցության համար, նման պատասխան տվեց կրթության վարչության նորանշանակ պետը:
Աննա Ստեփանյանն ասաց, թե որպես դպրոցի տնօրեն չի խառնվել ու միշտ հեռու է մնացել այդպիսի բաներից։
