Հայաստանը՝ աշխարհաքաղաքական և մշակութային խաչմերուկ. Economic Times
«Գրքային տեսարաններով, լեռնային վանքերով, լազուրե լճերով Հայաստանը կարծես նամականիշների նկարներից լինի: Քաղաքակրթության օրաններից մեկը համարվող այս փոքր երկիրը նաև առաջինն է, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեց՝ 301-ին: Ուժեղ և ճնշող հարևաններով շրջապատված Հայաստանը նաև աշխարհաքաղաքական և մշակութային խաչմերուկում է»,-Economic Times-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել՝ Հայաստանը ներկայացնելով որպես աշխարհաքաղաքական և մշակութային խաչմերուկ: «Մայրաքաղաք Երևանը պատմական ժառանգության բազմաթիվ նշաններ ունի: Անտիկ մատյանների թանգարանում՝ Մատենադարանում, նույնիսկ միջնադարյան մագաղաթներ կան, հնագույն փաստաթղթեր ամեն ինչի մասին՝ երկրաչափությունից մինչև տիեզերագիտություն, աստվածաբանությունից մինչև պոեզիա: Աշխարհը սկսել է հետաքրքվել 3 միլիոն բնակչություն ունեցող այս երկրով, և զբոսաշրջությունն այստեղ զարգանում է արագ տեմպերով»,-գրված է հոդվածում: Ապա հոդվածագիրը մանրամասներ է ներկայացրել Երևանի զբոսաշրջային ենթակառուցվածքների, Արարատ լեռան, հայկական գինեգործության մասին:
