Մեզ հիասթափեցնելու իրավունք չունես. Սերժ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանին
«Այդ քվեն վաստակել ենք դժվարին պայքարում: Հիշեք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հայրենիքի խորհրդանիշն ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերի համար: Հետընտրական կրքերը մեղմելու ժամանակն է: Եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը»,-ր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը ելույթ ունենալով նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հավելեց,որ խորհրդանշական տարի է լինելու: «Որևէ խնդիր լուծելու համար նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա, պետք է ուսումնասիրել միջազգային փորձը»,- անդրադառնալով Երևանի խնդիրներին, մասնավորապես տրանսպորտային խցանումների, վերելակների հարցերին ասաց նախագահը: «Տարո՛ն ջան, Երևանը շատ խնդիրներ ունի, ես մի անգամ ասել եմ, դու մեզ հիասթափեցնելու իրավունք չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այս օրը քեզ համար հիշարժան օրերից մեկն է, Անդրանիկ Մարգարյանի տարեդարձի օրը դու երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Դու պարտավոր ես գիշեր-ցերեկ աշխատել, որ ավելացնես երևանցիների վստահությունը»,-ասաց նա:
