Նոր հուժկու հարված ընդդեմ Պուտինի. Մոսկվան հակաքայլեր է խոստանում

Ողջ աշխարհը կենտրոնացել է ընդդեմ Ռուսաստանի գործողությունների, տպավորություն է, որ արևմուտքը հստակ նպատակ է դրել ծնկի բերել Ռուսաստանը: ԱՄՆ նախագահը մի կողմից խոսում է ՌԴ-ի հետ հարաբերություններում լիցքաթափման անհրաժեշտության մասին, մյուս կողմից իրականացվում է հակառակը:

Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթին ի պատասխան` Ռուսաստանն էլ դիմեց պատասխան քայլերի՝ Մոսկվայում հավատարմագրված 10 ամերիկացի դիվանագետների առաջարկելով լքել երկիրը։ Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին վերադառնալ Վաշինգտոն՝ Պետդեպարտամենտում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Ավելի վաղ նույն նպատակով Մոսկվան հետ էր կանչել Վաշինգտոնում ՌԴ դեսպանին։ Ռուսաստանյան իշխանությունները, սակայն, հատուկ ընդգծում են, որ ձեռնարկված հակաքայլերը համեմատաբար մեղմ են, և Մոսկվան առայժմ զերծ կմնա կոշտ պատասխանից՝ սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը։

«Ամերիկյան բիզնեսի համար ցավոտ քայլեր ձեռնարկելու հնարավորություն մենք ևս ունենք։ Այդ քայլերը, սակայն, մենք առայժմ որպես պահեստային տարբերակ ենք դիտարկում», - Մոսկվայում Սերբիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսում նշեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստան-Ուկրաինա գործընթացներն այժմ գտնվում են համակ ուշադրության ներքո: Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներից մեկին։ Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ФСБ-ն տեղեկացրեց, որ հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը ձերբակալվել է Ռուսաստանի մի քաղաքացու հետ հանդիպման ժամանակ. «Ուկրաինացի դիվանագետի ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահ համակարգի և Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական բազաներում զետեղված փակ բնույթի ինֆորմացիա ստանալու պահին»։

Պաշտոնական Կիևն արդեն իսկ արձագանքել է տեղի ունեցածին՝ տեղեկացնելով, որ կդիմի համարժեք քայլերի երկրում աշխատող ռուսաստանցի դիվանագետների դեմ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Սանկտ Պետերբուրգից ուկրաինացի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկի ձերբակալման և արտաքսման պատճառով: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ կայքը, ուկրաինական կողմը որոշում է կայացրել արտաքսել Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետին: «Վճռական բողոք ենք հայտնում Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի՝ ապրիլի 16-ին տեղի ունեցած անօրինական ձերբակալության և մինչև ապրիլի 21-ը երկրի տարածքից հեռանալու ցուցման վերաբերյալ»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտնել են, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են Վիեննայի կոնվենցիան դիվանագիտական հարաբերությունների մասին: «Ի պատասխան վերոնշյալ սադրանքի՝ Կիևում Ռուսաստանի դեսպանատան ավագ դիվանագետը պետք է հեռանա Ուկրաինայի տարածքից 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից»,- ասվում է ԱԳՆ կայքում:

Նկատենք, որ այս գործընթացները ծավալվեցին Բայդենի՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ հատուկ ելույթից հետո: Դրան, հիշեցնենք, նախորդել էր Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու և ԱՄՆ-ից Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսման որոշումը: Բայդենը մասնավորապես ասել էր․ «Հիմա ժամանակն է սկսել դեէսկալացիան: Մենք պետք է առաջ շարժվենք մտածված երկխոսության և դիվանագիտական գործընթացների միջոցով: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել կառուցողական առաջընթացը այս գործընթացում: Իմ սկզբունքը հետևյալն է՝ որտեղ Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից, մենք պետք է համագործակցենք, որտեղ Ռուսաստանը փորձում է ոտնահարել Միացյալ Նահանգների շահերը, մենք պատասխանելու ենք»:

Ռուսաստանում նոր պատժամիջոցներն անվանել է անընդունելի, իսկ ամերիկյան ընտրություններին միջամտելու մեղադրանքները՝ շինծու: Ռուսաստանի արտգործնախարարությունը ԱՄՆ դեսպանին ասել է, որ շուտով կլինեն մի շարք պատասխան միջոցառումներ:

Ապրիլի 13-ին նախագահ Ջո Բայդենը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել էր հանդիպել որևէ երրորդ երկրում և քննարկել երկկողմ հարաբերությունների առավել կնճռոտ խնդիրները: Ենթադրվում է, որ դա կարող է տեղի ունենալ Եվրոպայում:

Այդ օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ընդունել է 10-ը ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու որոշում և սահմանել է պատժամիջոցներ մի քանի տասնյակ պաշտոնյաների, ինչպես նաև կազմակերպությունների նկատմամբ: Արտաքսման հրահանգ ստացած մարդկանց թվում են դիվանագիտական անձնագրերով ռուսական հետախուզական կառույցների ծառայողները: CNN-ը հայտնել է, որ Նյու Յորքում և Վաշինգտոնում հավատարմագրած ռուսաստանցի դիվանագետներին կտրվի 30 օր ԱՄՆ-ի տարածքը լքելու համար:

Պատժամիջոցների ենթարկվածների ցանկում 32 ֆիզիկական անձ է և վեց ընկերություններ, որոնք նպաստում են Ռուսաստանի ապօրինի կիբերակտիվությանը: Այդ անձինք և ընկերությունները փորձել են միջամտել 2020 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին և ապատեղեկատվություն են տարածել: Ըստ ամերիկյան հետախուզական կառույցների, կիբերգրոհների նպատակն էր նոյեմբերյան ընտրություններում սատարել գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին և վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին:

Ամերիկյան կողմը պատժում է ռուսներին նաև Աֆղանստանում ապակայունացնող գործողությունների դիմելու, մասնավորապես, ԱՄՆ-ի և դաշնակիցների զինծառայողների վրա հարձակվող թալիբներին պարգևավճարներ տրամադրելու համար: Պատժամիջոցները սահմանվում են ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու նպատակով SolarWinds ընկերության կայքէջը հաքերային գրոհով կոտրելու և դրա միջոցով ամերիկյան բազմաթիվ մասնավոր և առնվազն 9 պետական հիմնարկների, այդ թվում՝ ԱՄՆ ֆինանսների, առևտրի և արդարադատության նախարարությունների կայքէջեր ներխուժելու համար:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օրերս անդրադառնալով թեմային նշել է, թե Ռուսաստանը դատապարտում է սանկցիաների քաղաքականությունը և այն ապօրինի է համարում. «Փոխադարձության սկզբունքն ուժի մեջ է, և բոլոր դեպքերում Ռուսաստանը կձեռնարկի պատասխան միջոցներ սեփական շահերը երաշխավորելու համար»: Նույնը կրկնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ասելով, թե «պատասխանն անխուսափելի է լինելու»:

Նկատենք, որ Վաշինգտոնն այս անգամ պատժի նոր եղանակ է ընտրում՝ ամերիկյան ֆինանսական հաստատություններին կարգելվի անմիջական կարգով գնել Ռուսաստանի ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և Ազգային հարստության հիմնադրամի պարտատոմսերը:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի բյուջեի և ֆինանսական շուկաների կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Ռյաբուխինը վստահեցնում է, թե ռուսական պետական պարտքը սանկցիաների ենթարկելն, իհարկե, վնաս կհասցնի Դաշնության տնտեսությանը, սակայն դա ճգնաժամ չի առաջացնի, քանի որ Ռուսաստանն ունի և՛ անհրաժեշտ ներքին պահուստ, և՛ ոչ դոլարային արտարժույթով արտաքին միջոցներ: «Մենք միշտ ահազանգել ենք այն մասին, որ մեր միջոցների և պաշարների տեղաբաշխումն ամերիկյան արժեթղթերով հասել է վտանգավոր աստիճանի և շատ ռիսկային է: Կառավարությունը և, մասնավորապես, Ֆինանսների նախարարությունը մեր նախազգուշացումներին արձագանքել են և համապատասխան միջոցներ են ձեռնարկել պաշարներն այլ արժեթղթերով վերաբաշխելու համար»,- ասել է ռուսաստանցի սենատորը:

Այնուամենայնիվ, չնայած այդ հավաստիացումներին, երբ հրապարակվեցին մոտալուտ սանկցիաների մասին առաջին լուրերը, ռուսական ազգային տարադրամի՝ ռուբլու արժեզրկումը կրկին արագացավ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6027 անգամ
Լրահոս
ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ» Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար Իսրայելը հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական նավերին հարվածելու մասին Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am