McDonald’s-ը կզարդարի Երևանի գլխավոր հրապարակի մերձակայքը. վրացի ձեռնարկատեր
McDonald’s արագ սննդի ցանցի՝ Հայաստանում առաջին ռեստորանը կզարդարի Երևանում Հանրապետության հրապարակի մերձակայքը՝ վստահ է նախագծի նախաձեռնող, վրացի ձեռնարկատեր Թեմուր Չկոնիան։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը։ Գործարարի բանակցությունները Հայաստանի ղեկավարության հետ՝ արագ սննդի McDonald’s ցանցի առաջին ռեստորանի կառուցման հարցով շարունակվում են։ Չկոնիան ցանկանում է McDonald’s բացել Հանրապետության հրապարակին հարակից այգիներից մեկում։ «Վայրը, որը մենք ընտրել ենք, հարցեր է առաջ բերում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի առաջին ռեստորանը լինի Երևանի կենտրոնում՝ երկրի գլխավոր հրապարակում։ Այս փուլում շարունակում ենք բանակցություններ վարել երկրի իշխանությունների հետ»,-ասել է Չկոնիան։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը դեռևս վերջնական պատասխան չի տվել։ Համաձայն նախնական պլանի՝ ռեստորանը պետք է լինի երկհարկանի և գտնվի հեղինակավոր վայրում։ Դա թույլ կտա ապագա McDonald’s-ին մասնակցել ամենամյա միջազգային մրցույթի։ Չկոնիան ծրագրում է ընդհանուր առմամբ Հայաստանում բացել 7 ռեստորան։ Առաջին ռեստորանի շինարարության համար անհրաժեշտ է 1500 քառակուսի մետր տարածք։ Հայաստանում արագ սննդի ցանցի ռեստորանի բացման հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդա)՝ McDonald’s ընկերության թոփ մենեջերների հանդիպման շրջանակում։ Հայտնի ցանցի առաջին ռեստորանը Չկոնիան բացել է Թբիլիսիում 90-ականներին։ Այժմ Վրաստանում McDonald’s-ի մի քանի ռեստորաններ են գործում։ Բացի այդ, գործարարին է պատկանում նաև Coca-Cola- գործարանն ու Վրաստանում այլ ձեռնարկություններ։ 1in.am
