Նոր Նորքում շուտով կբացվի «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնը
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնը: «Հայկական Ժամանակ»-ն ավելի վաղ գրել էր, որ այդ մոլը Երևանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ենթակառուցվածքներով և նախատեսված գործառույթներով: Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ համարը... Թերթը փորձել է քաղաքապետարանից պարզել, թե Սաֆարյան 14 հասցեում տեղակայված մոլի տարածքն արդյոք պատկանել է Երևանի քաղաքապետարանին, եթե այո, ապա` երբ և ում է վաճառվել նույն հասցեում գործող Նոր Նորքի շուկան, որի տեղում «Էյ Ընդ Փի Գրուպ»-ը «Մեգա Մոլ Մասիվ» առևտրի կենտրոնն է կառուցել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Սաֆարյան 14 հասցեում գրանցված հողակտորի սեփականատիրոջ և (կամ) սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող ենք դիմել անշարժ գույքի հաշվառող լիազոր մարմին` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: «Նոր Նորքի նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն: Հաշվի առնելով, որ նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն, դրա վաճառքի գումարի վերաբերյալ տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանում առկա չէ», - ասված է քաղաքապետարանի պատասխանում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
