ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան
Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով հունիս 9-ին, «ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային Ժողովում իրացրել են պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը, այդ մասին տեղեկացնում է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային ժողովի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։ Ազգային ժողովի «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները վիճարկում են նաև այս որոշումների սահմանադրականությունը: «Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է», - իր ֆեյսբուքյան էջում նշել է նա։
