Մնացել էր, որ Վահան Շիրխանյանը մի հատ ներողություն խնդրի, որ ինքը հիմա հիվանդ է. Հայկ Ալումյան
Հանցավոր համագործակցության վերաբերյալ գործի այսօրվա դատական նիստին վեց ամսվա ընթացքում առաջին անգամ դատարան էր ներկայացվել գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ սայլակով: Այդուհանդերձ, դատարանը Վ.Շիրխանյանի ոտքի չկանգնելը գնահատեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ: Այսօրվա դատական նիստը նույնպես տեղի չունեցավ՝ ամբաստանյալ Նելլի Մինասյանի և չորս փաստաբանի բացակայության պատճառով: Ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին բժշկական տեղեկանք ներկայացրեց առ այն, որ իր պաշտպանյալն արյունահոսություն, սպառնացող վիժում ախտորոշմամբ գտնվում է հիվանդանոցում: Դատարանը հայտարարեց՝ մինչ այժմ ասում էիք դատարանն է մեղավոր, հիմա էլ պաշտպանները չեն ներկայանում, ով է մեղավոր՝ դատարա՞նը: Ի պատասխան Վ.Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանն է մեղավոր, որ նիստերը հետաձգվում էին, եթե վեց ամիս առաջ Վ.Շիրխանյանին սայլակ տրամադրվեր, նիստերը չէին հետաձգվի: Ինչպե՞ս ստացվեց, որ սայլակն ի վերջո տրամադրվեց Վահան Շիրխանյանին, Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ սայլակ գտան, կանաչ գույնի, ակներով: Հ.Ալումյանը հայտնեց, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Վահան Շիրխանյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստերին: «Մեր կողմից դա չէր վիճարկվում, հակառակը, ի սկզբանե մենք ասում էինք, որ ինքն ի վիճակի է գտնվել դատական նիստերի դահլիճում, ընկալել դատավարության ընթացքը և մասնակցել: Դա մենք միշտ ասել ենք, դա վիճելի չէր: Պարզապես մենք ասում էինք՝ տրամադրեք հնարավորություն, որպեսզի ինքը գա դատարան: Այսօր ի վերջո վեց ամիս հետո մի հատ սայլակ գտնվեց»,- ասաց Հայկ Ալումյանը: Պաշտպանի գնահատմամբ, պարզապես ցուցում կար չբերել ու դատավարությունը չսկսել: «Ես ոնց հասկանում եմ, կա ցուցում այս դատավարությունը ձգձգելու, ու այս դատավարությունը ձգձգվելու է տարբեր պատճառներով, ընդ որում, ամեն անգամ ձգձգվելուց մեղադրողն ու դատավորը տպավորություն են փորձելու ստեղծել, որ ձգձգվում է պաշտպանական կողմի պատճառով»: Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև սայլակով դատական նիստերի դահլիճ բերված Վ.Շիրխանյանի ոտքի չկանգնելը որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք գնահատելու մասին դատարանի հայտարարությանը: «Ես վախենում եմ, որ դատավորի այդպիսի արտահայտությունը ընդհանրապես անհարգալից վերաբերմունք է արդարադատության նկատմամբ, մնացել էր, որ պրն. Շիրխանյանը մի հատ ներողություն խնդրի, որ ինքը հիմա հիվանդ է»: Ըստ պաշտպանի, դատարանների անհիմն կալանավորումների պատճառով Վ.Շիրխանյանը լրիվ առողջ մարդ լինելով՝ հիմա այն վիճակում է, որ չի կարողանում քայլել ու ոտքի կանգնել, և հիմա իր ոտքի կանգնելու հնարավորության բացակայությունը դատարանը գնահատում է որպես անհարգալից վերաբերմունք, նշեց Հայկ Ալումյանը: Պաշտպանն ընդգծեց, որ առհասարակ փորձ է արվում ստեղծված բարդ կացությունները վերագրել պաշտպանական կողմին՝ Շիրխանյանն ոտքի վրա չի կարողանում կանգնել, ինքն է մեղավոր, դատավարությունը ձգձգվում է դատավորի պատճառով՝ պաշտպանական կողմն է մեղավոր, դատավարությունը ձգձգվում է սայլակ չտրամադրելու պատճառով՝ պաշտպանական կողմն է մեղավոր: «Բայց կողքից, ինձ թվում է, շատ լավ երևում է, թե իրականում ով է մեղավոր»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նկատելով, որ ոչ ոք եզրակացություն չի տվել, որ Վահան Շիրխանյանը տեղաշարժվելու կամ ոտքի կանգնելու հնարավորություն ունի: Ակնհայտ է, որ չունի, եթե սայլակով են բերում, ասաց պաշտպանը: Աղբյուր` Փաստինֆո
