Հրազդանի քաղաքապետի որդին վրաերթի գործով ներգրավել է որպես կասկածյալ
Հրազդանում 57-ամյա քաղաքացուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 16-17-ամյա պատանին ներգրավել է որպես կասկածյալ: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ավելի վաղ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ հունիսի 8-ին՝ ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 57-ամյա Վալերի Թ.-ն, որը, գիտակցության չգալով, մահացել է: Մեկնել է օպերատիվ խումբ, որտեղ դեպքի վայր է ներկայացել 32-ամյա տղամարդ, և ըստ իր խոսքերի, նույն օրը՝ ժամը 12.20-ի սահմաններում, իր կողմից վարած «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, նախկին «Կաթի գործարան»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Վ. Թորոսյանին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության: Նշենք, որ երիտասարդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է՝ Ռազմիկ Դանիելյանը: Վրաերթի փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
