Էրդողանը մխրճվել է հետխորհրդային տարածք, ռուսները «Թուրանի բանակը» միֆ են համարում

Ռուսաստանցի փորձագետներն ահազանգում են՝ Մոսկվայի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը մեղմ ասած բարեկամական չէ… Ու մինչ ռուսաստանցի պաշտոնյաները բոլոր հարթակներից հայտարարում են, թե Ղարաբաղյան պատերազմից հետո, որը հնարավոր եղավ կանգնեցնել բացառապես Ռուսաստանի նախագահի ջանքերով, Մոսկվան շարունակելու է ունենալ բարեկամական հարաբերություններ թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ, ռուսաստանցի լրագրողները հարցականի տակ են դնում այդ բարեկամական հարաբերությունները և տարբեր հարցեր բարձրաձայնում։

“Аргументы и факты” պարբերականը հրապարակել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հարցազրույցը, որում կարճ անդրադարձ կա նաև Ղարաբաղյան պատերազմին։ Լրագրողը հարցնում է Դմիտրի Պեսկովին՝ արդյոք չկա՞ մտավախություն, որ Մոսկվան կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասի պետությունների վրա, և որպես փաստարկ նշում է, թե Հայաստանում ներքին խառնաշփոթ է, իսկ Ադրբեջանն ավելի ու ավելի ակնհայտ ձգտում է դեպի Թուրքիա։ Պեսկովն արձագանքում է․ - «Մենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված հրաշալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ։ Հարաբերություններ, որ կարող են ունենալ շատ-շատ ասպեկտներ, որոնք ներկայացնում են փոխադարձ օգուտ։ Հայաստանի հետ նույնպես պատմականորեն լավ հարաբերություններ կան։ Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին բավականին օգուտ են բերում։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով»։

Կրեմլի խոսնակն այս հարցազրույցում հերթական անգամ ընդգծում է Վլադիմիր Պուտինի դերակատարությունը։ «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունեցել... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու մեջ պետք է հիշեն բոլորը», - “Аргументы и факты” պարբերականին ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ռուս լրագրողը հարցրել էր, թե արդյոք Մոսկվան չունի՞ մտավախություն «Թուրանի բանակ» կառուցելու Թուրքիայի իշխանությունների մտադրության վերաբերյալ։ Շոյգուն պատասխանել էր, թե Մոսկվան ու Անկարան թեև ունեն տարաձայնություններ, սակայն ամեն անգամ կարողանում են գտնել ընդհանուր լեզու, և որ «Թուրանի բանակի» մասին տեղեկությունը միֆ է։
Նույն տրամաբանության մեջ են Մոսկվայի՝ ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող բոլոր հայտարարությունները, թեև փորձագետներն ահազանգում են, որ Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը մեղմ ասած բարեկամական չէ։

Ռուսաստանի ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, փետրվարին հերթական նմանատիպ հարցին պատասխանելիս ասել էր․ - «Իսկ եթե խոսենք Մեծ Թուրանի՝ որպես վերազգային կառույցի մասին պատմական իմաստով, չեմ կարծում, որ Թուրքիան նման նպատակ է հետապնդում»։

Մոսկվան փորձում է նաև շրջանցել բոլոր սուր հարցերը, որ ծագում են Ղարաբաղի շուրջ հետպատերազմյան շրջանում, և փոխարենը ընդգծում է՝ կարևորն այն է, որ Պուտինի տիտանական ջանքերի շնորհիվ տարածաշրջանում այսօր խաղաղություն է, և որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերն ապահովում են հրադադարը։
«Թուրանի բանակի» մասին տեղեկությունը միֆ է, Մեծ Թուրանի նպատակ Թուրքիան չի հետապնդում, նման հայտարարություններով Մոսկվան շարունակ ցանկանում է ցույց տալ, որ Թուրքիայի հետ հավասարը հավասարի հարաբերություններ ունի, այսինքն՝ իր հերթին էլ փաստում է Թուրքիայի, որպես տարածաշրջանային խաղացողի իր դերակատարումը:

Անցնում է ժամանակ, իսկ Անկարան մխրճվում է հետխորհրդային պետություններում իր ազդեցությամբ բոլոր ոլորտներում՝ առևտրային ու ռազմաքաղաքական: Իսկ Մոսկվան, կարծես, հաշտվում է այդ ներկայության ու ազդեցության ամրացման հետ:
Ի դեպ, Ադրբեջանի «եղբայրական» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պարզվեց, պատրաստվում է Շուշի այցելել: Նա երեկ հայտարարել է, որ Ռամադանից հետո պատրաստվում է այցելել Շուշի: Էրդողանն իր մտադրությամբ կիսվել է Թյուրքական խորհրդի մասնակիցների հետ: Նա նշել է, որ իրենց համար շատ կարևոր է սատարել Ադրբեջանին և մաղթել է «բոլոր հարկադիր տեղահանվածների շուտափույթ վերադարձ իրենց հողեր»:

«Չեմ կարծում, թե մեծ վտանգներ կան: Պայթյունային էֆեկտներ չենք կանխատեսում ԵԱՏՄ-ի հետ Թուրքիայի արտաքին առևտրի ակտիվության հնարավոր մեծացումից»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երևան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար), տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Գլազևը:

Վերլուծելով ԵԱՏՄ-ի և Անկարայի տնտեսական փոխհարաբերությունները, բանախոսը նկատեց, որ Անկարան առավել ակտիվ է Ղազախստանում և Ռուսաստանում`շինարարության ոլորտում: Նա միաժամանակ հստակեցրեց, որ ԵՏՄ հարավային երկրների համար, Թուրքիան մրցակից է սննդամթերքների մասով: Իսկ առհասարակ, Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը «սահմանների» մեջ է, ամենը կարգավորվում է համաձայնագրերով, այդ թվում` նաև Անկարա-ԵՄ:

Փաստորեն, Մոսկվան նույնիսկ տնտեսական կլանման վտանգ չի տեսնում Թուրքիայի կողմից: Մինչդեռ այդ միտումն արդեն վաղուց արձանագրել են Վրաստանում, որտեղ առևտրային, տնտեսական, շինարարական ոլորտներում Թուրքիան հզոր մոնոպոլ ու խոշոր հարկատու է դարձել: Թե ինչ ազդեցություն ունի Ադրբեջանում, կարիք չկա բացատրելու:

Հիմա Թուրքիայի ախորժակը մեծացել է այնքան, որ նրանք Ադրբեջանի հետ նոր ծրագրերի իրագործման շեմին են արդեն ղարաբաղյան պատերազմից հետո: Իսկ Ռուսաստանը, որին հաջողվեց խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, կարծես, ստիպված է բավարարվել այդքանով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2280 անգամ
Լրահոս
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am