Հայաստանը ղեկավարում է կոռուպցիան.Ավետիք Իշխանյան
«Հայաստանում ամբողջ համակարգն է ղեկավարում կոռուպցիան: Հայաստանում ողջ համակարգը գտնվում է մի բրգաձև կառույցում. ՀՀ նախագահը նշանակում է վարչապետ, նախարարներ: Ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, քննչական ծառայություններն ուղիղ ենթարկվում են նախագահին: Դատավորներին նշանակում է նախագահը:Այս պայմաններում պայքար կոռուպցիայի դե՞մ: Ինչի՞ համար»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝անդրադառնալով Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» օրինագծին: «Սա արվում է միայն միջազգային հանրության համար, քանի որ Հայաստանը, լինելով կոռումպացված, աղքատ երկիր, ներդրումներ չի անում, նրան անընդհատ պետք է բյուջետային աջակցություն:Բյուջետային աջակցության համար Եվրամիությունը պահանջներ է դնում՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Մեր իշխանություններն էլ լուրջ դեմքով ասում են՝ այո՛, հիմա կստեղծենք հանձնաժողով և կսկսենք պայքարել: Կոռուպցիոները ստեղծի հանձնաժողով և սկսի պայքարել իր դե՞մ»,ասաց նա: «Կարևոր է, որ լինի իշխանության տարանջատում, լինի անկախ դատաիրավական համակարգ, մեզ մոտ չկա դա: Եթե մեզ մոտ սկզբունքներ լինեին, եթե ունենայինք պաշտոնյաներ, որոնք կոռուպցիայի մեջ թաղված չլինեին, մենք կունենայինք հրաժարականներ: Բայց մեզ մոտ չկա հրաժարականի ինստիտուտը, որովհետև բոլորը խոցելի են, բոլորը կոռուպցիայի մեջ են, կոռուպցիան է Հայաստանը ղեկավարում՝ և՛ գործադիր իշխանությունը, և՛ դատաիրավական ամբողջ համակարգը»,- հավելեց Ավետիք Իշխանյանը:
