ԵՄ-ն մտադիր է դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը ռազմական արդյունաբերության մեջ
ТАСС-ի փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Պրահայում ելույթ ունենալով Պաշտպանության և անվտանգության միջազգային խորհրդաժողովում ասել է.«Եվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը ռազմական արդյունաբերության բնագավառում:ԵՄ-ի Պաշտպանության ներդրումային հիմնադրամի նախագիծը, որը հունիսի 8-ին ներկայացրել է Եվրահանձնաժողովը, Եվրամիությանը թույլ կտա դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը պաշտպանական հատվածում»: Պաշտպանական հիմնադրամը պետք Է 2020 թվականից ապահովի տարեկան մինչև 5,6 միլիարդ եվրոյի ներդրումներ ԵՄ-ի պետությունների ռազմարդյունաբերական համալիրում: Յունկերն ընդգծել է, որ այսօր ԵՄ-ի բոլոր երկրները ծախսում են մոտավորապես այն բանի կեսը, ինչ ԱՄՆ-ն հատկացնում է պաշտպանության համար, սակայն եվրոպական հատկացումների արդյունավետությունը կազմում Է ընդամենը 15 տոկոս: Դրա պատճառը, նրա խոսքով, եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի խորը թերատությունն է:
