Գեւորգ Պետրոսյանը դիտողություն արեց
Կառավարության հրավիրած ԱԺ նիստին այսօր քննարկվում են երեկ քննարկված նախագծերը` 2-րդ ընթերցմամբ։ Կոռուպցիայի կանխարգելման մասին հանձնաժողովի եւ կից օրենքների փաթեթի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախ շնորհակալություն հայտնեց համագործակցության համար: Որից հետո՝ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը դիտողություն արեց, որ այս հանձնաժողովում բացակայում են օրինականության, անկողմնակալության, անկախության սկզբունքները, եւ դրանք վերապահված են միայն հանձնաժողովի անդամների մասով։ Արփինե Հովհաննիսյանն էլ նկատեց. «Մենք` իրավաբաններս, տեսնում կամ լսում ենք այն, ինչ ուզում ենք. հանձնաժողովը այդ սկզբունքներից դուրս չի կարող գործել»։ Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս պահին եղած հնարավորությունների սահմաններում այս հանձնաժողովի ստեղծումը կարող ենք հնարավորինս օգտագործել. «Եթե բոլոր քաղաքացիները միահամուռ գնային ու ձայն տային Ելք-ին, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Ես կզարմանամ, երբ ՀՀԿ պատգամավորները դիմեն այս հանձնաժողովին կամ Ազդարարի համակարգին, քանի որ սա ընդդիմության մեխանիզմն է, ու առաջինը մենք ենք դիմելու առաջին իսկ օրվանից։ Դրա համար մենք կողմ ենք նախագծերի այս փաթեթին»։
