Փուչիկներ պայթեցրին, ափսեներ կոտրեցին. Փոստանջյանը «գրավեց» քաղաքապետարանը
Այսօր Երեւանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է: Երեւանի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ քաղաքապետարանի բակում հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք նիստ են անցկացնում հենց քաղաքապետարանի բակում: «Երկիր ծիրանի» կուսակցության խմբակցությունը նիստին չմասնակցեց: Կուսակցության ղեկավար, ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նախ քաղաքապետարանի մուտքի մոտ ելույթ ունեցավ, հայտարարեց, որ բոյկոտում են նիստը, այնուհետեւ ՀՀԿ գրությամբ կարմիր փուչիկներ պայթեցրին, Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի լուսանկարներով ափսեներ կոտրեցին: Փոստանջյանը հայտարարեց, որ մասնակցելու են ավագանու նիստերին, «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու բոլոր անդամները ներգրավվելու են ավագանու կողմից ձեւավորված 4 հանձնաժողովում: Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը կղեկավար Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Մնացական Պարակշիեւը: Քաղաքապետարանի շենք մուտք գործելուց հետո էլ Փոստանջյանը չգնաց նիստին: Նրա խմբակցության անդամները սկսեցին փնտրել իրենց աշխատասենյակները: Գտան, տեղավորվեցին: Փոստանջյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի շենքը գրավված է:
