Նոր Արմավիրում ինքնասպանություն գործած կնոջ ամուսինը հայտնել է, որ ընտանեկան վեճեր չեն ունեցել
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում երեկ կախվելու միջոցով ինքնասպան եղած կնոջ ամուսինը պատմել է, որ որևէ խնդիր, վեճ, անհամաձայնություն չեն ունեցել: Այս մասին Tert.am-ին հայտնած Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանը նշեց, որ գյուղում որևէ վարկած չկա այն մասին, թե ինչը կարող էր ստիպել կնոջը գնալ նման քայլին: «Ոչ մի բանի տեղեկություն չկա, թե ինչի համար, ամուսինն էլ ասում ա՝ մեր մեջ ընդհանրապես ոչ մի բան չի եղել, այնպես որ, վաբշե անհայտ ա՝ ինչ մոմենտ ա»,-հավելեց գյուղապետը: Հիշեցնենք, որ երեկ` ժամը 14:00-ին, Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի շտապ օգնության կայանից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ Նոր Արմավիր համայնքում կախվել է երկու փոքր երեխաների մայր, մոտ 30 տարեկան Աննան: Նրա մարմինը կախված վիճակում հայտնաբերել էր մոտ 5 տարեկան որդին, որը, մանկապարտեզից գալով, մորը տեսել է պատշգամբում կախված: Հետո նա վազել է հարևանի տուն՝ հարևաններին օգնության կանչելու: Առանց մայրական խնամքի մնացած երեխաներից ավագին իր հետ Աբովյան է տարել ինքնասպանություն գործած կնոջ հայրը, իսկ մի քանի ամսական փոքրին խնամում է ամուսնու քույրը՝ երեխայի հորաքույրը: Գյուղապետը պատրաստվում էր մահացածի ամուսնու հետ գնալ կնոջ մահվան եզրակացությունը ստանալու: Եթե դատաբժշկական փորձաքննությունները չուշացվեն, կնոջ հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 11-ին:
