ՀՀ-ն դարձել է ՌԴ արգելված բանջարեղենի արտահանման համար ռիսկային երկիր. ՊԵԿ-ի պարզաբանումը
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ համաձայն ՀՀ կառավարության՝ 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կնքված համաձայնագրի՝ հանրապետության տարածք 50 կիլոգրամը գերազանցող պտուղ-բանջարեղենի ներկրումը համարվում է ակնհայտ առեւտրային քանակությամբ ներմուծում, որը պետք է իրականացվի համապատասխան մաքսատուրքի եւ հարկերի վճարմամբ: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՊԵԿ տվյալներով օրվա ընթացքում մի քանի անգամ անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչեւ 50կգ) ներկրում կատարելու եւ կուտակելու ճանապարհով օրական մոտ 8 տոննա բանջարեղեն է մտնում Հայաստան, որն ակնհայտ առեւտրային քանակ է: Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը երրորդ երկրներից որոշ ապրանքների, այդ թվում՝ բանջարեղենի ներմուծման նկատմամբ միակողմանի սահմանափակումներ է կիրառում՝ ըստ օպերատիվ տեղեկատվության՝ առկա է ռիսկ, որ այդ դրույթը շրջանցելու նպատակով երրորդ երկրներից բանջարեղենը ներկրվում է ՀՀ եւ ապրանքային խմբաքանակների ձեւավորմամբ արտահանվում՝ ձեռքբերված համապատասխան փաստաթղթերով ներկայացվելով որպես հայկական ծագման գյուղմթերք: Ռուսաստանի մաքսային մարմնի կողմից նման դեպքերի բացահայտման արդյունքում ՀՀ-ից բանջարեղենի արտահանումը համարվում է ռիսկային: Արդյունքում տուժում է տեղական արտադրողը, ով չի կարողանում իսկապես հայկական գյուղմթերքն արտահանել ՌԴ շուկա: Այդ պատճառով ՀՀ մաքսային ծառայությունը օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման նկատմամբ՝ երրորդ երկրների ծագման գյուղմթերքը որպես ՀՀ ծագման գյուղմթերք ՌԴ արտահանելու փորձերը կասեցնելու նպատակով:
