ԱԻՆ-ում կադրային շարժն իրականացվում է հատկապես սահմանամերձ համայնքներն ուժեղացնելու նպատակով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից արձագանքել են «Փաստ» օրաթերթի երեկվա հրապարկմանը, ըստ որի՝ նախարար Դավիթ Տոնոյանն այս 4 ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարության համակարգից, «հասցրել է մոտ 240 աշխատակից «տեղափոխել» ԱԻՆ:
Նախարարությունից թերթին տրամադրված պարզաբանման մեջ նշված է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի համալրումն իրականացվում է պարբերաբար՝ հիմնականում Փրկարար ծառայության կադրային պահանջների:
Հատկապես համալրվում է մարզերում գործող փրկարարական վարչությունների անձնակազմը՝ մարզերում փրկարարական ծառայության մատուցումն արդիականացնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախարարությունը սահմանամերձ գյուղերում հիմնել է քաղպաշտպանության հենակետեր, որոնք ծառայում են դժվար հասանելի համայնքներում փրկարարական աշխատանքների իրականացմանն ու քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացմանը:
Նշենք, որ նախկինում ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԻ վարչությունը, իսկ հետագայում էլ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր ձևավորումից ի վեր գրեթե 70%-ով համալրվել են Պաշտպանության նախարարության կադրերով:
Չի բացառվում, որ Պաշտպանության նախարարության համապատասխան պատրաստվածություն և պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերը շարունակեն համալրել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների շարքերը»:
