Ժամանակակից Ռուսաստանի նոր քարոզչությունը. «Ամերիկայի ձայն»
Ժամանակակից Ռուսաստանն օգտագործում է քարոզչության այնպիսի միջոցներ, որոնց մասին Խորհրդային Միությունում նույնիսկ տեղյակ էլ չէին:
«Ժամանակակից Ռուսաստանի քարոզչությունը զվարճացնում, շփոթեցնում և ճնշում է լսարանին»։ Խորհրդային Միությունը փլուզվել է ավելի քան քառորդ դար առաջ, իսկ խորհրդային քարոզչության դպրոցը շարունակում է ապրել և զարգանալ ժամանակակից Ռուսաստանում, ասում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի ավագ խորհրդական Սքոթ Ռոլանդը:
Սակայն, եթե Խորհրդային Միության քարոզչությունը կարող էր մատնանշել Խորհրդային Միության որոշակի իրական ձեռքբերումներ օրինակ՝ տիեզերագնացության ոլորտում, այսօրվա Ռուսաստանը զարգացած երկրների համեմատ որևէ ձեռքբերում նժարին դնել չի կարող: Փոխարենը ժամանակակից ռուսական քարոզչությունը անհամեմատ զարգացել է խորհրդային տարիների համեմատ. եթե Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեին «Պրավդա» եւ «Իզվեստիա» թերթերի նման քարոզչության ընդամենը մի քանի մարմին, ապա այսօրվա Ռուսաստանը հովանավորում է հարյուրավոր քարոզչական մարմինների՝ «Ռուսաստանն այսօր» և «Սպուտնիկ» հսկաներից մինչև անհայտ առցանց էջեր: Ռուսաստանն ունի նաեւ իր սեփական, պետության կողմից ֆինանսավորվող թրոլների բանակ.
«Թրոլներն աշխատում են օր ու գիշեր, 12-ժամյա հերթափոխներով, յուրաքանչյուրը պարտավոր է օրն առնվազն 200 բառից բաղկացած 125 գրառում և մեկնաբանություն կատարել»:
Սքոթ Ռոլանդի խոսքով, ռուսական թրոլներին բացահայտելը հեշտ է՝ բավական է կիսվել սոցիալական ցանցերում Ռուսաստանին վերաբերող վիճելի տեղեկատվությամբ, որից հետո հարյուրավոր թրոլներ գործին կմիանան: Հենց այդպես է նա մի քանի հարյուր թրոլներ բացահայտել Բելառուսում իր դիվանագիտական առաքելության ընթացքում: Ռոլանդի կարծիքով, առցանց տեխնոլոգիաների զարգացումն ու դրա հետ կապված տեղեկատվության բազմությունն իրականում խանգարում են քաղաքացիներին կենտրոնանալ կարևոր և վստահելի տեղեկատվության վրա.
«Երբ տեղեկատվությունը սակավ է, մարդիկ նախընտրում են փորձագիտական կարծիքներ լսել: Այդպես էր Խորհրդային Միությունում, սակայն, այսօրվա տեղեկատվական տարափի պայմաններում, մարդիկ նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցցանցերով՝ իրենց ընկերներից»:
Խնդրի միակ լուծումը Սքոթ Ռոլանդը տեսնում է իրական ճշգրիտ տեղեկատվության տրամադրման մեջ, որը սակայն լուրջ միջոցներ է պահանջում:
