«Սա անհեթեթ նախագիծ է»
ԱԺ-ում, խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը նշեց, որ տեղի է ունենում լուրջ քաղաքական սխալ, 21 տարի առաջ կայացած ՏԻՄ համակարգը վերափոխման, քայքայման է ենթարկվում:«Այն լուրջ քաղաքական սխալ է, հարված է ՀՀ-ին` ՏԻՄ համակարգը վերափոխման, վերաձուլման է ենթարկվում, հիմնարար սկզբունքներ են խախտվում։ «Ինք»-ը բառը պետք է հասկանալ` ինքնորոշում, ինքնակառավարում։ Պարոն Տերտերյան, ձեր տրամադրությամբ ավելի լավ չէր լինի Չարենցավան ու Հրազդան քաղաքներն էլ միացնենք, քանի որ երկուսն էլ վատ են գոյատեւում։ Ես ինքս եղել եմ ՏԻՄ-ի հիմնադիր եւ շատ լավ տեղյակ եմ բոլոր խնդիրներից։ Մեզ մոտ հիմնական սխալն այն է, որ ՏԻՄ-ը կայացավ, սակայն ռեգիոնալ կառավարումը չկայացավ։ Կարծում եմ` պետք է վերացվեն մարզպետարանները, վերականգնվեն շրջանները»,- նշեց նա: Ինչպես ասաց՝ ավելի արդյունավետ կլինի վերացնել պետական կառավարման «անհիմն մարմինները». «Անհրաժեշտ է, որ շրջանները ստանան ռեգիոնալ ինքնակառավարման մարմնի կարգավիճակ և այն բոլոր միավորող գործընթացները, որոնք անհրաժեշտ են այս կամ այն բնակավայրի համար, գնան այս ճանապարհով»։
