Սա 90-ականների վայրի և հապշտապ սեփականաշնորհումը չէ. ՀՀԿ-ն կողմ կքվեարկի
«Այս մասնավորեցման ծրագիրը 90-ականների վայրի և հապշտապ սեփականաշնորհումը չէ, երբ պետությունն ի վիճակի չէր ղեկավարելու այդ ձեռնարկությունները և վաճառքի հանեց Սովետական միության ժառանգածը, ինչից հետո ծանր հետևանքների ականատես եղանք: Այս սկզբունքն այլևս հնարավոր չէ, որ աշխատի, և սեփականաշնորհումը չի նշանակում, որ պետությունը ձեռքերը լվանում է՝ առավել ևս այն ձեռնարկությունների դեպքում, որոնք ունեն կարևոր նշանակություն»,-«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկմանը հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը: Վահրամ Բաղդասարյանը հարց ուղղեց՝այսօր պետությունն ի վիճակի՞ է առողջապահական համակարգի հիվանդանոցներն իր ներդումային ցանցում հասցնել եվրոպական ստանդարտների, և ինքն էլ պատասխանեց՝ իհարկե, չի կարող: Ըստ նրա՝ հենց մասնավոր ներդրումներով են ձգտում հասնել անհրաժեշտ արդիականացման: «ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոլորտային ցանկում եղած օբյեկտների ապագայի հետ կապված, թե դրանք ինչ ճակատագիր կունենան, իսկ ԱԺ-ի պարտականությունն է նրանց ճակատագրով հետաքրքրվելը;Այստեղ կան որոշակի խնդիրներ, որ կարող են չբավարարել, բայց չենք սահմանափակվելու՝ լսումերի միջոցով կլինի, թե ինչ միջոցով, ուշադրության ներքո ենք պահելու այդ օբյեկտները»,-ասաց նա և նշեց, թե չկա նման խնդիր, որ սեփականաշնոհումը պատահական մարդկանց տրվի և օգտագործվի ոչ նպատակային: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե անընդհատ ասում են, թե ով է ավելի լավ կառավարիչ՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավորը: «Ինձ թվում է՝ շուկայական տնտեսության պարագայում առավելությունը մասնավորինն է»,-ասաց նա և հիշեցրեց, որ եթե անկախության տարիներից շուկայական տնտեսության ենք գնում, ուրեմն պետք է հետևողական լինենք այդ քաղաքականությանը: «Կրկնում եմ, մեկ անգամ հապշտապ ու վայրի սեփականաշնորհում եղել է, դա մեզ դաս է եղել և այդ դասերը պետք է քաղենք»,-ասաց նա:
