Հանրակրթության վարչության նոր պետը կեղծ դիտորդ էր Երևանի ավագանու ընտրություններում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը, հաղորդում է քաղաքապետարանի կայքը։ Երեկ հայտնի էր դարձել, որ Գայանե Սողոմոնյանը հրաժարական է ներկայացրել։ Ի դեպ, Աննա Ստեփանյանը Երևանի ավագանու ընտրությունների օրը Երևանի ընտրատեղամասերից մեկում հանդես էր եկել որպես դիտորդ Կրթություն և մշակույթ կազմակերպության անունից։ «Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանը ընտրատեղամասից կապ էր հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և պարզել, որ թեև Ստեփանյանը դիտորդություն էր իրականացնում, սակայն նրա անունը չկար գրանցված դիտորդների ցուցակում, և փաստորեն նրա դիտորդական վկայականը կեղծ էր։ Աննա Ստեփանյանը պնդել էր, որ իր վկայականը կեղծ չէ, սակայն տեսախիցկների առջև այդպես էլ չէր բացատրել, թե ինչպես է պատահել, որ իր անունը չկա ԿԸՀ-ում։ Աննա Ստեփանյանին այնուհետև դուրս էին հրավիրել ընտրատեղամասից: Տեսանյութը դիտել 3։55 րոպեից։ Աշխատանքային գործունեությունը 1993-1996թթ. - մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում, 1996-2008թթ. - Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում, 2008թ.-ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն, 2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում: civilnet.am
