Որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների.Նիկոլ Փաշինյան
«Այո, մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավն են, քան պետականները: Գոնե մասնավոր հիվանդանոցներում զուգարանների ավանդական գարշահոտությունը չկա։ Առողջապահության ոլորտում տխուր պատկեր ունենք։ Ինֆարկտով մարդուն, ոնց որ ասենք` ճիշտ է, ինֆարկտը քեզ կխփի, բայց Կառավարության որոշմամբ դեռ չես կարող»,-Պետական գույքի մասնավորեցման մասին նախագծի քննարկմանը ասաց Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Սա աբսուրդ է, սա միգուցե զավեշտալի է հնչում, սակայն բազմաթիվ մարդիկ են այդպես մահացել։ Բազմաթիվ հիվանդանոցներ երկրաշարժի ավերակներ են հիշեցնում։ Պետպատվերը մի քանի հիվանդանոցում է կենտրոնացված, որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների։ Ունենում ենք օազիսներ` ոսկեջրած պատերով։ Կան նաեւ հիվանդանոցներ, որտեղ մասնագետների խնդիր ունենք, ասենք` կոտրված ոսկորը մասաժ են անում, 4 սմ ուռուցքը չեն նկատում։ Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին»,-ասաց Փաշինյանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթով հանդես եկավ` ասելով. «Այստեղ հնչեցին սրտացավ պատգամավորների մտահոգիչ ելույթներ` երկու կողմից էլ։ Լա՞վ է, թե՞ վատ մասնավորեցումը։ Չենք կարող միանշանակ ասել։ Հաջողել են այն պետությունները, որոնք ճիշտ են իրականացրել մասնավորեցումը, այլ ոչ թե վայրի ձեւով։ Մասնավորեցումը ապացուցել է իր մրցունակ լինելը, օրինակ` Զվարթնոց օդանավակայանի մասնավորեցումը։ Արման Սահակյանի ներկայացրած փաթեթը ողջամիտ առաջարկ է։ Մասնավորեցումը փող հավաքելու միջոց չէ, այն խնդիր ունի արդյունավետ, մատչելի կառավարում անելու»։
