Լենին-Աթաթյուրք պայմանագիր, ջերմ կոմպլիմենտներ 100 տարի անց. Միշտ կորցնում են հայերը

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է վստահելի գործընկեր, խոսքի տեր մարդ։ Ավելին՝ Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ինչպես անցած հարյուր տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում հետևելու է 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի ոգուն և սկզբունքներին։

«Անցած հարյուր տարիների ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է», -նախօրեին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան:

Վերհիշենք պատմության էջերը: Մոսկվայում կնքված նշյալ պայմանագրով բոլշևիկները Թուրքիային են հանձնել այն տարածքի մի մասը, որն ավելի վաղ մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ՝ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով, Կարսի մարզը և նախկին Բաթումիի մարզի հարավային մասը՝ Արդահանի և Արտվինի շրջանները։ Ռուս-թուրքական այս բարեկամությունը սկսվեց այն բանից հետո, երբ Քեմալ Աթաթյուրքը, որի իշխանությունը Թուրքիայում և Թուրքիայից դուրս քչերն էին ճանաչում, նամակ էր գրել Վլադիմիր Լենինին և հավաստիացրել վերջինս, որ թուրք ժողովուրդն իր ղեկավարությամբ պայքարելու է իմպերիալիզմի դեմ: Պայմանագիրը կնքելուց մի քանի տարի անց Աթաթյուրքը արգելել էր Կոմունիստական կուսակցության գործունեությունը Թուրքիայում:

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիրը» բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։ Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունն Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան, իր հերթին, հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր:

Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ[4] Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։

Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամական երկրներ են համարվում, Էրդողանը գովեստի խոսքեր է շռայլում Պուտինի հասցեին, նրան իր «բարեկամ», «ընկեր» և նույնիսկ «ռազմավարական գործընկեր» անվանելով: Ու այս ամենը՝ տարբեր տարաձայնությունների ու անուղղակի ռազմական հակամարտության երրորդ երկրների տարածքում, ինչպիսիք՝ Սիրիայում և Լիբիայում։

«Մեր համագործակցությունն ունի խորապես գիտակցված բնույթ, հենվում է բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հաշվառման, համատեղ արդյունավետ աշխատանքի նպատակադրման վրա՝ հանուն Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման, հանուն խաղաղության, անվտանգության և կայունության տարածաշրջանում և ընդհանրապես Եվրոպայում», - ասվում է Մ.Զախարովայի երեկվա հայտարարությունում:

Փաստաթղթի ստորագրումից մեկ դար անց Մոսկվայի պայմանագիրը չի կորցնում իր նշանակությունը, հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը: Խորհրդարանի նախագահը խոսել է «Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի կնքման հարյուրամյակին» թեմայով քննարկումների բացմանը, որը կազմակերպվել է Թուրքիայի խորհրդարանի շենքում: «Այս փաստաթուղթը դարձել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի խորհրդարանի կառավարության և մեր երկրի արևելյան սահմանների որոշման ճանաչման վկայությունը: Պայմանագիրը ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց: Այսպիսով, երկու երկրները ցույց են տվել համերաշխության և փոխադարձ աջակցության իրենց ցանկությունը»,-ասել է Շենթոփը:

Մարտի 15-ին մոսկովյան պայմանագրին նվիրված մեծ ելույթ էր ունեցել Թուրքիայի խորհրդարանում այդ երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը: «Հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության համար մղվող պայքարում։ Անտանտի և նրա դաշնակիցների դեմ այս պատերազմում թուրքական զորքերի կողմից օգտագործված բոլոր փամփուշտների կեսից ավելին, յուրաքանչյուր չորրորդ հրացանը, յուրաքանչյուր չորրորդ զենքն ու յուրաքանչյուր երրորդ հրանոթը մատակարարվել են Խորհրդային Ռուսաստանից», - իր ելույթում ասել էր ռուսաստանցի դիվանագետը, հավելելով, թե երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, հատկապես կարևոր են մեր օրերում, երբ դրանցից մեծապես կախված է տարածաշրջանի անվտանգությունը:

«Այսօր մենք նշում ենք Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Կուզեի ուշադրություն հրավիրել այդ պատմական փաստաթղթի անվանման վրա՝ «Բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիր», դա դիվանագիտական պրակտիկայում շատ հազվադեպ հանդիպող ձևակերպում է։ Այն լիովին արտացոլում է այդ բարդ ժամանակների ռոմանտիկ ոգին», ասել է դեսպանը։ «Ընդ որում, պայմանագիրը մի շարք գաղափարներ է պարունակում, որոնք ակտուալ են հնչում և նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար մեր օրերում։ Օրինակ, պայմանագիրը պնդում է, որ երկու ժողովուրդներից մեկի համար ցանկացած դժվարությունը վատացնում է մյուսի վիճակը», ասել է նա։

Երխովը ելույթում հիշել է Ռուսաստանի ռազմական օգնությունը Թուրքիային. «Լավ հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության պայքարում։ Անտանտի ու նրա դաշնակիցների դեմ այդ պատերազմում թուրքական զորքի օգտագործած փամփուշտների ավելի քան կեսը, յուրաքանչյուր չորրորդ հրացան և յուրաքանչյուր երրորդ արկ մատակարարել է Խորհրդային Ռուսաստանը։ Գերմանիայից Անկարայի գնած 22 ինքնաթիռները Թուրքիա են հասել Ռուսաստանի տարածքով առանց որևէ մաքսային ու հարկային վճարումների։ Նովոռոսիյսկի նավահանգստից «Շահին» նավով մեծ գաղտնիության պայմաններում ինքնաթիռներն արագ հասցվեցին թուրքական ափ։ Ինքնաթիռների մատակարարումը հասցրեց թուրքական բանակի հարձակման մեկնարկին, դրանք հաջողությամբ կիրառվեցին անատոլիական ճակատում։

Ժամանակակից ուսումնասիրությունների համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիայի ազգային ազատագրական շարժմանը մատակարարել է մոտ 80 միլիոն թուրքական լիրա ոսկով», ասել է Երխովը։

«Մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, առանձնահատուկ կարևոր են մեր օրերում, երբ դրանից շատ առումներով կախված է տարածաշրջանի անվտանգությունը, մեր երկրների ժողովուրդների զարգացումն ու բարգավաճումը։ Հատկապես կուզեի ընդգծել, որ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական համագործակցությունը տեղի է ունենում այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում՝ ատոմային, ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունը, զբոսաշրջությունը։ Անցած շաբաթ ներկա լինելով Աքքույու ատոմակայանի երրորդ էներգաբլոկի աշխատանքների մեկնարկի արարողությանը՝ մտածում էի Մոսկվայի պայմանագրի մասին. չէ՞ որ հենց այն ժամանակ մեր ժողովուրդներն ամուր հիմք դրեցին բարեկամական հարաբերություններին ու համագործակցությանը, որոնք այսօր այսքան երջանիկ զարգանում են», ամփոփել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։ 

Հարավային Կովկասում կրկին Ռուսաստանն ու Թուրքիան հիմնական դերակատարներ են: Ու թեև, շատերը Ռուսաստանում Թուրքիայի այսօրվա հավակնությունները համարում են լուրջ մարտահրավեր հենց Մոսկվայի ազդեցության դեմ, միևնույն է ռուս-թուրքական հարաբերությունները բարեկամական են:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բարեկամությունը կոնկրետ Հայաստանի ու Արցախի վրա թանկ է նստում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5221 անգամ
Լրահոս
«Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին 1700 տարվա եկեղեցու դեմ են դուրս եկել․․․ իշխանությունները գնում են, բայց․․․ Հրայր սարկավագ (video) Սպասե՛ք, Ռուսաստանն ամենամեծ սանկցիան է պատրաստել Հայաստանի համար․ Հայկ Այվազյան (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրի նկատմամբ Լսեցի՞ք՝ այսօր Փաշինյանն ինչ էր ասում ԵԱՏՄ-ում․ Լևոն Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վեհափառ Հայրապետը գնում է դատարան (video) Բուն հարցը հոգևորականին ավազանի անունով դիմելը չէ, այլ՝ մտադրությունը. Իսահակ Սրբազան Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq. am Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ «Այսօր տեսանք Փաշինյանի հերթական խեղկատակությունը»․ Նաիրի Հոխիկյան (video) Երեկ վիզս ժինջիլ էիք քցում․ աբսուրդ է, որ ինձ էդ ասում է ՀՀ քաղաքացու վրա թքած Ալենի նախկին օգնականը (video) Իրանը ցանկանում է համաձայնության գալ․ Թրամփ Մենք մեր խաչը չենք հանելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am