Երևան-Վանաձոր ճանապարհին ЗИЛ-ը ավտոմեքենաների ջարդ է արել և դիմել փախուստի
Երեկ՝ հունիս 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16: 00-ի սահմաններում Երևան- Վանաձոր ավտոճանապարհի՝ Լոռու ճանշինի հարևանությամբ ЗИЛ մակնիշի 06 ԼՏ 288 համարանիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի 35 FT 694 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ЗИЛ-ի վարորդը դիմել է փախուստի, իսկ Opel-ն էլ, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ Վանաձորի ոստիկանության Հրեշտակների խմբի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներին առաջինը օգնության են հասել ոստիկանության Հրեշտակների ծառայողները, իսկ ճանապարհային ոստիկաններն էլ տաք հետքերով հայտնաբերել են փախուստի դիմած ЗИЛ-ի վարորդին ու հայտնաբերել նրա ЗИЛ-ը: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է վարորդների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
