Հայաստանը կատարել է կոռուպցիան հանցանքների քրեականացմանն առնչվող GRECO- ի հանձնարարականները. ԵԽ
Եվրոպայի խորհրդի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), հրապարակել է 2016թ-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 49 պետություններում կոռուպցիոն իրավիճակին առնչվող զեկույցը: 2016թ-ի ավարտի դրությամբ Հայաստանը հաջողությամբ իրականացրել է կոռուպցիոն հանցանքների քրեականացման ու քաղաքական ֆինանսավորմանն առնչվող GRECO-ի հանձնարարականները: Այնուամենայնիվ, դեռևս չեն իրականացվել խորհրդարանի անդամների շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման հետ կապված հանձնարարականները: 2016թ-ի ավարտի դրությամբ GRECO-ն նշում է, որ Հայաստանը մասամբ՝ 43 տոկոսով, իրականացրել է դատավորների շրջանում կոռուցիայի կանխարգելմանն ուղղված հանձնարարականները: «Կոռուպցիան քաղաքականության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության կորստի ու անբավարարվածության մեծագույն աղբյուրներից մեկն է: Խիստ կարևոր է, որպեսզի պետությունները ճիշտ օրենսդրություն և միջոցներ ունենան ոչ միայն կոռուպցիայի դեպքերը հետաքննելու ու պատժելու, այլև դրանք կանխարգելելու համար: Կոռուպցիայի հանդեպ չի կարելի հանդուրժողականություն ցուցաբերել, որտեղ էլ որ այն ի հայտ գա»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
