Վրաերթից մահացած երկվորյակների մայրը կրկին երկվորյակներ է լույս աշխարհ բերել/տեսաշար/
Երկու տարի առաջ Նորք Մարաշում ավտոմեքենան դուրս էր եկել մայթ և վրաերթի ենթարկել 4 հոգու, որոնցից մանկասայլակի մեջ գտնվող 8 ամսական երկվորյակ տղաները մահացել էին, իսկ նրանց մայրը տեղափոխվել էր հիվանդանոց:Այս մասին հայտնում է hraparak.am-ը:
Ըստ մեղադրանքի՝ Արմենակյան փողոցով դեպի Հերացու փողոց «Ֆոլքսվագեն Գոլֆ» մեքենայով ընթացող Ռազմիկ Ավետիսյանը, թույլ է տվել երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով խախտումներ: Նա սկզբում վրաերթի է ենթարկել մայթի կողքով քայլող 83-ամյա Անահիտ Կ.-ին, ապա շարունակել է մեքենայի ընթացքը, վրաերթի է ենթարկել մայթի վրա մանկասայլակով գտնվող 31-ամյա Աննա Հ.-ին՝ 8 ամսական երկվորյակ որդիների՝ Տիգրանի ու Արմանի հետ: Ռազմիկ Ավետիսյանը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, թե ինչպես են նրան տրամադրել վարորդական իրավունք՝ պարզ չէ։ Նա սկզբում գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն հետո, փոքրիկների հարազատների բողոքարկման հիման վրա կրկին կալանավորվել է։ Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել: Նշենք, որ երկվորյակները մահացել էին փետրվարի 19-ին, նրանց մոր՝ Աննայի ծննդյան օրը։ Երկու տարի անց արդեն 33-ամյա Աննա Հարությունյանը լույս աշխարհ է բերել երեք փոքրիկների։ Նրանցից ավագը՝ Լիաննան ծնվել է 2016թ.-ի հունիսի 27-ին, հենց նույն օրը երբ ծնվել էին երկվորյակները. «Ծննդյանս օրը մահացան փոքրիկներս, էտ օրվանից ծննդյանս օրը տանել չեմ կարողանում։ Աստծո նվեր են երեխաներս, աղջիկս ծնվեց հենց նույն օրը, երբ ծնվել էին երկվորյակ տղաներս։ Եթե նրանք ողջ լինեին, հիմա հինգ երեխա կունենայի»։ Աննան դեպքը հիշելիս հուզվում է, ասում է, որ եթե տղաները ողջ լինեին, արդեն երեք տարեկան կլինեին ու կկարողանային խոսել․ «Կեսարյան հատումով էի երեխեքիս ունեցել, ինձ երեխա ունենալ չէր կարելի, բայց Լիաննայի ծնվելուց հետո, պարզվեց, որ էլի հղի եմ, երբ իմացա, որ էլի երկվորյակներ եմ ունենալու, ասացի, որ ինչ գնով էլ լինի, պիտի լույս աշխարհ բերեմ նրանց։ Աստված էն երկուսին վերցրեց, հիմա հետ է վերադարձնում»։ 2017թ.-ի ապրիլի 22-ին ծնված երկվորյակները քույր և եղբայր են, Վահագ և Լիլիթ, նրանք ծնվել են 6.5 ամսականում։ Փոքրիկներից Վահագը աչքերի հետ խնդիրներ ունի, բուժման կարիք ունի․ «Ո՛չ թոշակ ենք ստանում, ո՛չ նպաստ, վարձով էս տունն էլ հազիվ ճարեցինք։ Առաջ տպարանում էի աշխատում, հիմա էլ չեմ կարող, փոքրիկներիս պիտի մեծացնեմ, տան ամբողջ հոգսը ամուսնուս ուսերին է։ Բարեգործներն օգնեցին, հագուստ ու տեխնիկա նվիրեց մեզ, բայց հիմա մի հատ կռավաթ ունենք»։ Փոքրիկների հայրն ասում է, որ Լիաննան՝ մեծ աղջիկը, իրենց կողքին է քնում, իսկ նորածիններն ունեն օրորոց, որը նվեր են ստացել։ Նշեմ, որ մեր այցելության օրը Աննայի ամուսնու մեջքը բռնվել էր ֆիզիկական ծանր աշխատանքից և գործի չէր գնացել։ Կիսավեր տան մի անկյունում մահացած երկվորյակների նկարներն էին կախված՝ կողքին սրբապատկեր։ Որքան էլ, որ ողբերգական պատմություն ունի այս ընտանիքը, այնուամենայնիվ նորածինների շնորհիվ լույսով ու կյանքով էր լցվել նրանց խարխուլ, վարձակալած տունը։
