Անգամ անբիծ մարդը չի կարող կառավարել հակակոռուպցիոն այդ մարմինը. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հետաքրքրվեց, թե Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամներին առաջադրվող պահանջներին համապատասխանող մարդը կունենա՞ համապատասխան քաղաքական կամք: Ըստ նրա՝ անգամ անբիծ մարդը չի կարող կառավարել հակակոռուպցիոն այդ մարմինը. «Անգամ, եթե հարեւաններն ասեն, թե սուրբ է այս մարդը, այդ հրեշտակը, երբ նստի այդ աթոռին, նա կսկսի հրեշտակի ձեւով թեւածի ու որեւէ մեկին նեղություն չտա, ո՞ւմ է պետք նրա աշխատանքը։ Կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան կամք պետք է ունենա, այլ ոչ թե նստի ու ասի` օրենսդրությունը թերի է, լծակներ չունի։ Որպես հակակշիռ` հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի աթոռը պետք է տալ ընդդիմությանը, եւ այս մարմինը պետք է ոչ թե կոլեգիալ լինի, այլ բրգաձեւ կառույց»։ Ինչպես ասաց՝ արտադիր չափանիշ պետք է լինի այն, որ հանձնաժողովի անդամի կենսագրությունը հանրությանը հիմք տա ասելու, որ այդ մարդը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք ունի. «Եվ ոչ թե՝ 5-6 տարի կնստի իր աթոռին ու կասի՝ օրենսդրությունը թերի է, ինչ կարողացել՝ այդ է արել»։
