Վարչապետը «մեծահոգաբար ընդառաջել է». Փաշինյանի ու մյուսների առաջարկությունն ընդունվեց
20 րոպե ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան խորհրդարան, և ԱԺ մեծամասնությունը հայտարարեց, թե հաշվի առնելով, որ քննարկվող հարցերից ոմանք հանրային հնչեղություն ունեն՝ «Հանրապետականն» ընդդիմության առաջարկին ընդառաջում է: Ընդմիջումից հետո Բաղդասարյանը հայտարարեց, որ վարչապետը «մեծահոգաբար ընդառաջել է», և ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու մյուսների առաջարկությունն ընդունվել է: «Հաշվի առնելով, որ հանրային հնչեղության հարցեր են, և կառավարության հետ բանակցությունների արդյունքում վարչապետը մեծահոգաբար ընդառաջեց. Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծման մասին նախագծի քննարկման համար առաջարկվեց 4 ժամ, պետական գույքի մասնավորեցման հարցը առաջարկում են քննարկել 3.5 ժամ և վարչատարածքային բաժանման մասին հարցը քննարկել 3 ժամում», - տեղեկացրեց Վահրամ Բաղդասարյանը: Քվեարկության դրվեցին արտահերթ նիստի անցկացման և տևողության մասին հարցերը: Հաստատված ժամանակացույցին խորհրդարանը քվեարկեց միաձայն՝ 82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Ժողովրդավարությունն առաջընթաց ունի»:
