20 րոպե ընդմիջում`ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց, որ կառավարությունն առաջարկում է ԱԺ օրակարգում ընդգրկված հարցերը քննարկել ըստ իր կողմից սահմանված ժամանակացույցի: «ԱԺ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթի առաջին ընթերցման քննարկման տևողությունը սահմանել 4 ժամ: Պետական գույքի մասնավորեցման 2017-20 թթ. ծրագրի մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման համար կառավարությունն առաջարկել է 90 րոպե, վարչատարածքայիին փոփոխությունների մասին նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի համար՝ 2 ժամ: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մտահոգված են քննարկումների նման ոճով :Պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին օրենքի նախագծով պետական խոշոր օբյեկտներ են մասնավորեցվում և դա շուրջ հանրային քննարկումներ տեղի չեն ունեցել, հետևաբար առաջարկեց երկու օրինագծի շուրջ քննարկումը սահմանել 5-ական ժամ,ասաց նա: «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը միացավ Փաշինյանի առաջարկին.«Բերում եք, 90 րոպեում ուզում եք սղացնեք, անցկացնեք: Սա շատ լուրջ խնդիր է: Մասնավորեցվում են բժշկական, կրթական հիմնարկներ և 90 րոպե սահմանել «գալըչկայի» համար, անընդունելի է: Նույնը համայնքների խոշորացման ծրագրին է վերաբերում»: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից 20 րոպե ժամանակ պահանջեց: Պատգամավորները հեռացան նիստերի դահլիճից:
