Պատրաստվում է սկսել Թրամփի պաշտոնանկության գործընթացը
Ինչպես հայտնում է The Hill-ը, Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլ Գրինը, որը ներկայացում է Տեխաս նահանգն ու Դեմոկրատական կուսակցությունը, շուտով պատրաստվում է սկսել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը,որն առաջին պաշտոնական քայլն է՝ուղղված Թրամփի հեռացմանը: Այժմ դեմոկրատ կոնգրեսականը համապատասխան փաստաթղթեր է հավաքում դրանք Ներկայացուցիչների պալատում քննարկման դնելու համար: Գրինի կարծիքով՝ Թրամփի պաշտոնանկության գործընթացը սկսելու համար բավական է միայն այն փաստը, որ նա աշխատանքից հեռացրեց իր և Ռուսաստանի միջև հնարավոր կապի հետաքննմամբ զբաղվող Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին: «Փաստերը պարզ են ու անվիճելի: Նախագահը հեռացրեց ՀԴԲ-ի տնօրենին, քանի որ նա հետաքննում էր Թրամփի նախընտրական շտաբի կապը Ռուսաստանի հետ, ինչպես նաև այդ երկրի հնարավոր միջամտությունը նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններին: Նախագահի կողմից արդարության խեղաթյուրումն արդեն խնդիր է, իսկ Կոնգրեսի կողմից նրան պաշտոնանկ անելու որոշումը՝ այդ խնդրի լուծումը»,-նշել է Գրինը:
