Ճաշակի դեմ չեն պայքարում
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ես վստահ եմ, որ մարդկանց պետք է տալ ազատություններ, որոնք սահմանափակվում են միայն օրենքներով: Բայց եթե մեկն ասում է՝ «այս ձեր դեմոկրատիայով դուք ազգի հերն անիծեցիք», դա էլ է մոտեցում, որը հարգանքի է արժանի: Ուրեմն նա պետք է առաջարկի, թե որտեղ, որ չափով է պետք անօրինական ձևով սահմանափակել մարդու ազատությունը և ով է լինելու սահմանափակողը: Մարդկանց համոզմունքները, գաղափարները, հավատքը, մաշկի գույնը, ազգությունը, ճաշակը, նախասիրությունները նրա անձնական գործն են, և նա իրավունք ունի ապրելու այնպես, ինչպես ուզում է: Նա կարող է նաև դիտել և լսել այն, ինչ ուզում է: Եվ երբ ինձ առաջարկում են ինչ-որ բան արգելել՝ հանուն «ազգի շահի», ես սկսում եմ կասկածել՝ իսկ գուցե այստեղ ոչ թե «ազգի շահերն» են դեր խաղում, այլ՝ անձնական, խմբակային և ինչու չէ, նաև կոմերցիոն շահերը: Այնպես որ, իմ զրուցակցին ես բացատրեցի, որ ոչ մի պայքար սերիալների դեմ չեմ ծավալի, և ես ոչ մեկի ճաշակին դատավոր չեմ: Ի դեպ, մենք տանը նույնպես սերիալ ենք նայում: Երբ ազատ մեկուկես ժամ է լինում (սովորաբար շաբաթ և կիրակի օրերին), մենք նայում ենք ամերիկյան հին սերիալ լեյտենանտ Կոլոմբոյի մասին: Պիտեր Ֆալկը ստեղծել է տաղանդավոր մարդու կերպար, որը կոնկրետ ինձ մի կողմից սովորեցնում է լինել կյանքում համեստ, պարզ, հասարակ, իսկ մյուս կողմից՝ ուշադիր լինել բոլոր մանրունքների նկատմամբ»: Հոդվածն ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում:
