ԱՄՆ կոնգրեսն ընդունել է Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձեւը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Այս մասին տեղեկացնում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Բանաձևի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ): Բանաձևը միաձայն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մայիսի 25-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում:
