ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի անունը հայտնի է
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Վահե Ստեփանյանին նշանակել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Վահե ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար»,– ասվում է Նախագահի հրամանագրում: Վահե Ստեփանյանը ծնվել է 1971 թ.-ին Երևանում: 1991-1996 թթ. աշխատել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, 1997-1998թթ. աշխատել է «Հայգազարդ» պետական կոնցեռնում որպես արտաքին կապերի վարչության իրավաբան, 1998-2011թթ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում զբաղեցրել է արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ պաշտոնները: 2016 թ. սեպտեմբերի 29-ից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալն էր: Վահե Ստեփանյանը, կառավարության կայքում տեղադրված ինքնակենսագրության համաձայն, անկուսակցական է:
