Կենդանաբանական այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում
Երևանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեցտարի նվազում է: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ միայն վերջին երկու տարիներին ավելի շատ կենդանիներ են անկել, քան՝ նախորդ տարիներին: 2010 թվականի վերջին կենդանաբանական այգին ունեցել է 256 տեսակի կենդանի և թռչուն, իսկ կենդանիների ու թռչունների գլխաքանակը կազմել է 2807: Իսկ ահա անցած տարեվերջի դրությամբ Երևանի կենդանաբանական այգում առկա է եղել 149 տեսակի կենդանի, որոնց գլխաքանակը կազմել է 854: Ընդ որում` կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը սկսել է նվազել այն բանից հետո, երբ տնօրեն դարձավ Ռուբեն Խաչատրյանը: «Իսկ սա հետևանք է այն բանի, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են»:
