Ոչ մի միջանկյալ փաստաթուղթ չի կարող գործել.Դավիթ Շահնազարյան
«Արցախի հիմնահարցի վերաբերյալ կոնկրետ քայլեր չեն արվում, իսկ արված քայլերն էլ բավարար չեն: Բավարար չեն այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի առաջնագծում եղած վիճակի տարբերությունը հսկայական է:Ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ ամեն ինչ տեսել։ Բառիս բուն իմաստով՝ ամեն քառակուսի մետրը հիմա էլեկտրոնային հսկողության տակ է։ Նախորդ տարվա ապրիլին կարող էինք միայն երազել այդ մասին», –նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: «Արտաքին քաղաքական իրավիճակից պետք է օգուտ քաղել:Պետք է կտրուկ քայլեր անել: Կարգավորումից շատ հեռու ենք, բայց դա նշանակում է, որ ավելի ակտիվ պետք է բանակցել։ Այսօր Հայաստանի դիրքորոշումը շատ ռացիոնալ է։ Ստատուս-քվոյի փոփոխություն չի կարող լինել՝ առանց կարգավիճակի հստակեցման»,- հավելեց նա: Դիտորդների քանակը 7 հոգով ավելացնելու մասին որոշումը դրական ոչինչ չի տա, բայց, ցայտուն ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ է գնում բանակցային գործընթացը,ասաց նա: Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը` Շահնազարյանը նկատեց, որ պետք է խաղաղության պայմանագիր լինի, այլ ոչ թե միջանկյալ բանաձև. «Ես այդ դիրքորոշումը համարում եմ խիստ ռացիոնալ. աշխարհաքաղաքական այս անորոշ իրավիճակում ոչ մի միջանկյալ փաստաթուղթ չի կարող գործել, որովհետև չկա երաշխավորը», – եզրափակեց նա։
