Ազգային արխիվը տարբեր երկրների արխիվներից փաստաթղթեր կբերի.Ամատունի Վիրաբյան
1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ու Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի առիթով որոշված է մեկ ցուցահանդես կազմակերպել Սարդարապատում, որտեղ ներկայացվելու են բոլոր այն նյութերը, որոնք առնչվում են Սարդարապատին` փաստաթղթերից մինչև անձնական իրեր,Հայելի ակումբում լրագրողներին ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ նշելով, որ այս իրադարձությանը արխիվը պատրաստվում է նաև տարբեր երկրների արխիվներից փաստաթղթեր բերելով: «Պետք է հնարավորինս շատ փաստաթղթեր բերենք: Ես մի քանի օր առաջ Բեյրութում հեռուստատեսությամբ ելույթ էի ունենում և շեշտեցի՝ մեր արխիվները նման են մեր ժողովրդին, աշխարհի բոլոր անկյուններում սփռված են: 1920 թվականի Հայաստանի մասին նյութեր ավելի շատ կարող ես գտնել մեր հարևան Վրաստանի արխիվներում, քան մեզ մոտ»,-տեղեկացրեց Ամատունի Վիրաբյանը և հավելեց,որ հրատարակվելու է մեկ ժողովածու՝ վերջնական սկզբնաղբյուր, որտեղ դրվելու են այն բոլոր նյութերը, որոնք հայտնի են մեզ Հայաստանի Առաջին Հանրապետության վերաբերյալ՝ լինեն հայերեն, ռուսերեն, թե ֆրանսերեն, թուրքերեն: Այնտեղ զետեղված են լինելու բոլոր կարևոր փաստաթղթերը, որոնք վերջին տարիներին Հայաստանի ազգային արխիվը հավաքել, կուտակել է ու պատրաստվում է դնել շրջանառության մեջ: Մի առանձին ժողովածու նվիրված է լինելու մայիսյան հաղթանակները կերտած այն զինվորականներին, որոնց մեծ մասը չշրջանցելով՝ 1937 թվականը աքսորվեցին ու գնդակահարվեցին: «Սիլիկյան, Նազարբեկյան, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյաններ, Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյան… Իգիթխանյան, մյուս մյուսներ, կադրային զինվորականներ, ռուսական բանակում զինվորական ուսուցում ստացած,»,-նշեց բանախոսը:
