«Լինում են դեպքեր, երբ զինվորի ծնողը գտնվում է արտերկրում». Լևոն Մնացականյանի հորդորը լրագրողներին
Մենք գտնվում ենք մի պատերազմի մեջ, որը դեռ վերջնական ավարտված չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Խոսելով այն մասին, թե ինչու Արցախի ՊՆ-ն որոշեց այսուհետ առաջնագծում իրավիճակի մասին տեղեկատվությունը ներկայացնել ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ շաբաթը մեկ անգամ, Մնացականյանն ասաց, որ պատճառներից մեկն այն է, որ չեն ուզում ավելորդ լարվածություն մտցնել մեր հասարակությունների մեջ: Բացի այս, նման որոշմամբ իրենք կանխում են այն տրամադրությունները, որ առկա են հանրության շրջանում, թե այսօր-վաղը պատերազմ է սկսվելու: Լևոն Մնացականյանի խոսքով՝ ՊԲ-ն րոպեների ընթացքում տեղեկացնում է կորուստների մասին, այնուհետև խորհուրդ տվեց լրագրողներին ուշադիր լինել նման հարցերում: «Լինում են դեպքեր, երբ զինվորի ծնողը գտնվում է արտերկրում և նպատակահարմար չէ, որպեսզի նա իր երեխայի մահվան մասին իմանա լրատվական կայքերից: Ադրբեջանական կողմը ունենում է կորուստներ, սակայն դրա մասին ոչ մեկ չի հրապարակում: Նրանց մոտ այդպիսի լրատվական քաղաքականություն է որդեգրված»,-ասաց Մնացականյանը:
