Նոր Թալիշ կառուցելու մեծ ծրագիր կա. ԼՂՀ վարչապետ
«Թալիշի վերականգնման ծրագիր որպես այդպիսին չունենք, ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր:Վնասների վերականգնումը կարելի էր մեկ-երկու ամսում լուծել, բայց նախագահի հանձնարարականով արդեն ունենք մշակված մեծ նախագիծ։ Խոսքը նոր Թալիշի կառուցման մասին է։ Շուտով կսկսվի դպրոցի, մանկապարտեզի կառուցումը: Արդեն սկսված է համայնքային կենտրոնի, բուժկետի կառուցումը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։
«Ապրիլյան իրադարձություններից հետո Ալաշան տեղամասում թալիշեցիների տեղակայումը ժամանակավոր լուծում է։ Մենք դա ճիշտ չենք համարում՝ թողնել պատմական Թալիշը և նոր Թալիշ կառուցել Ալաշանում», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով Թալիշում անվտանգության երաշխիքներին նա նշեց, որ տասնյակ ադրբեջանական գյուղեր էլ հայկական կողմից են դիտարկվում։ Այդ խնդրի լուծման համար Թալիշում կառուցվող տներում նախատեսվում է կառուցել նաև ապաստարաններ։
Թալիշի անվտանգության ապահովմանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ նշելով. «Պաշտպանության բանակի գտնվելը մեր հանրապետության հյուսիսային հատվածում ամենաբարձր մակարդակի անվտանգության երաշխիքն է թալիշեցիների համար»։
