Ռուսական «կաթսան» եփվում է ընդդեմ թուրքական զավթողականության. ինչ դիրք կբռնի Բայդենն էրդողանի հարցում

Միացյալ Նահանգների 100 տեղանոց սենատի 54 սենատորներ` թե դեմոկրատական, թե հանրապետական կուսակցությունների անդամներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին` հորդորելով ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա մարդու իրավունքների խախտումների և ինչպես նաև արտաքին «ռազմատենչ և մարտական» քաղաքականության համար։

Սենատորները հիշատակել են նաև ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերակատարությունը` պնդելով, որ Թուրքիան խրախուսել է Ադրբեջանին բռնությունների դիմելով լուծել տարածքային վեճը Հայաստանի հետ։ Նրանք Էրդողանին մեղադրում են Թուրքիայում քննադատական լրատվամիջոցները լռեցնելու, լրագրողներին բանտարկելու և անկախ դատավորներից ազատվելու մեջ։ «Նախագահ Էրդողանը երկիրը տանում է աճող ավտորիտար ուղիով։ Նա սիստեմատիկորեն մարգինալացրել է ընդդիմությանը, լռեցրել քննադատական լրատվամիջոցներին, մաքրել անկախ դատավորներին և նրանց փոխարինել կուսակցությանը հավատարիմ մարդկանց, բանտարկել բազմաթիվ լրագրողների»,- գրել են սենատորները` հիշեցնելով, որ ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» զեկույցի` բանտարկված լրագրողների թվով Թուրքիան հետ է մնում միայն Չինաստանից։ Freedom house-ը 2020-ի զեկույցում Թուրքիային դասել է անազատ երկրների շարքում։ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների 2019-ի զեկույցում նշված է, որ Թուրքիան հակաահաբեկչական լայն օրենսդրությամբ սահմանափակել է հիմնարար ազատություններն ու սպառնալիքի տակ դրել օրենքի գերակայությունը։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահին հղած նամակում սենատորները գրել են․ «Նախագահ Էրդողանի արտաքին քաղաքականությունը ժամանակի ընթացքում ավելի ռազմատենչ ու մարտական է դարձել։ Վերջին տարիներին Էրդողանը լկտիաբար հարձակվել է Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի վրա, որոնք պայքարում էին «Իսլամական պետության» դեմ, նա ձեռք բերեց ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր, չնայած զգուշացումներին, որ դրանք անհամատեղելի են ամերիկյան տեխնոլոգիաների հետ։ Նա խրախուսեց Ադրբեջանին` բռնություններ գործադրել Հայաստանի հետ տարածքային վեճը լուծելու համար»։

Սենատորները նաև նշում են, որ նախագահ Էրդողանը փորձել է ճնշումներ գործադրել ԱՄՆ-ի և այլ երկրների վրա` Թուրքիային արտահանձնելու այն քաղաքացիներին, որոնց նա մեղադրում է 2016-ի ձախողված հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ. «Էրդողանի կառավարությունը փորձել է քննադատողներին լռեցնել նաև ԱՄՆ-ում, ինչպիսին է NBA-ի խաղացող և իրավապաշտպան Էնես Քանթերը՝ Ինտերպոլով հետախուզում հայտարարելով նրա հանդեպ»։ Սենատորները նշել են, որ Թուրքիան մնում է կարևոր գործընկեր աշխարհի այդ մասի նշանակալից տարածաշրջանում և ընդգծել, որ հենց դրա համար էլ դիմում են ԱՄՆ-ի նախագահին։ «Մենք կարծում ենք` Միացյալ Նահանգները դաշնակիցներից պետք է պահանջի բարձր չափանիշներ և անկեղծորեն նրանց հետ խոսի մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից նահանջի խնդիրների մասին», - գրել են սենատորները` Ջո Բայդենին կոչ անելով նախագահ Էրդողանի և նրա վարչակազմի ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն այլախոհության վրա ճնշումները տանը, թե դրսում, ազատ արձակեն բաղբանտարկյալներին ու խղճի բանտարկյալներին և ամբողջովին փոխեն իրենց ավտորիտար կուրսը։

Սենատորները նամակի վերջում նշել են, որ Ամերիկայում երկկուսակցական ավանդույթ կա` աջակցել մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնարար արժեքներին, և պատրաստակամություն են հայտնել Բայդենի աշխատակազմին օգնել այդ կարևոր հարցում։ 54 սենատորների կողմից ստորագրված նամակի տեքստը տեղադրված է Սենատի պաշտոնական կայքում, ստորագրողների թվում են հայտնի սենատորներ` Սենատի մեծամասնության ղեկավար դեմոկրատ Չաք Շումերը, Էմի Կլոբուչերը, հանրապետականներ Միթ Ռոմնին, Մարկո Ռուբիոն։

Թուրքական իշխանամետ Daily Sabah-ը, ներկայացնելով սենատորների նամակը, նաև պատասխանել է նրանց մեղադրանքներին` հենվելով այդ հարցերում իշխանությունների դիրքորոշումների վրա։ Մասնավորապես Սիրիայում քրդերի վրա հարձակումների մասին ասվում է, որ դրանք հակաահաբեկչական գործողություններ են, NBA-ի բասկետբոլիստ և ակտիվիստ Էնես Քանթերը ներկայացված է որպես ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության անդամ։ Արձագանքելով նաև ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերակատարության մասին սենատորների գնահատականին` Daily Sabah-ը մեկնաբանել է, թե «Անկարան ռազմական օգնություն չի ցուցաբերել Ադրբեջանին, բայց թուրք պաշտոնյաները ասել են, որ նրանք համերաշխ են Ադրբեջանի հետ` ազատագրելու Հայաստանի կողմից 30 տարի օկուպացված տարածքները»։

Ըստ Reuters մեկնաբանի՝ ակնկալվում է, որ Բայդենն ավելի կոշտ դիրքորոշում կցուցաբերի Անկարայի հանդեպ մարդու իրավունքների խախտումների համար։ 2016-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում մոտավորապես 300 հազար մարդ է ձերբակալվել, ավելի քան 150 հազար պետական ծառայողներ պաշտոնանկ են արվել, հարյուրավոր լրատվամիջոցներ են փակվել, ընդդիմադիր տասնյակ պատգամավորներ հայտնվել են ճաղերի ետևում։

Վերջին օրերին ռուսական պետական գործակալությունների, լրագրողների, ռազմական լրագրողների կողմից բավական նկատելի քարոզչություն է տարվում ընդդեմ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության: Բանն այն է, որ թուրքական TRT-ով հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել հաղորդում, որը հինված է եղել Ստրաթֆորի մի զեկույցի, որը պատմում է աշխարհում թուրքական ազդեցության մասին՝ 2050 թվականին:

Ըստ այդ զեկույցի և թուրքական հեռուստաալիքի անդրադարձի, այդ բոլոր տարածքներում մինչև 2050 թ. ավելանալու է ոչ միայն թուրքական քաղաքական, այլև տնտեսական և ռազմական ազդեցությունը. այդ տարածքներն են Հունաստանը, Կիպրոսը, Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Եմենը, Ծոցի երկրները, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, ինչպես նաև ՌԴ հարավային շրջանների մեծ հատվածն ու Ղրիմը։

Քարտեզը, որին հղում է անում թուրք հաղորդավարը, ամերիկյան Stratfor հետախուզա–հետազոտական մասնավոր կազմակերպությանն է, որը, ըստ տարածված և հայտնի տեղեկության, ամերիկյան ԿՀՎ–ի (CIA) ենթակայությամբ է գործում, սնվում է պաշտպանական բյուջեից և կոչվում է «ստվերային ԿՀՎ»։ Stratfor–ն այն հրապարակել էր 2016-ին, սակայն վերջին շրջանում համացանցում դարձյալ սկսվել է այդ քարտեզի քննարկումը։

Հետաքրքիր է, թե ինչպես Ռուսաստանն արձագանքելու օր-օրի աճող թուրքական ազդեցության մասին բարձրագոչ անդրադարձներին՝ Թուրքիա-Ադրբեջան ձմեռային զորավարժությունների ֆոնին, որոնք մեկնարկել են Հայաստանի սահմանին՝ Կարսում:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն, ի դեպ, ելույթ ունենալով Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասնակիցների առաջ, բարձր է գնահատել թուրքական և ադրբեջանական բանակների մարտական պատրաստվածությունը: Նրա խոսքով՝ «Ձմեռ-2021» զորավարժությունների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը ցուցաբերել են պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք:

Նա նաև նշել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի ժամանակակից աշխարհի բոլոր սպառնալիքներին և մարտահրավերներին՝ հատուկ ընդգծելով Սիրիայի հյուսիսում և Հունաստանի հետ հարաբերություններում տիրող իրավիճակը: Աքարը նշել է, որ Թուրքիան միջազգային հանրությունից ակնկալում է օբյեկտիվ և ռացիոնալ մոտեցում Կիպրոսում, Էգեյան և Միջերկրական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3052 անգամ
Լրահոս
Ազգությամբ թուրք դոկտ. Մեհմեթ Օզին վրեժ է լուծում ամերիկյան համայնքից․․․ ու՞ր ես Զարեհ Սինանյան (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլի երեկվա կապիկության կոպիտ սխալը․ զզվանքը չափ ու սահման չունի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ռազմական ոտիկանությունն առավոտից հստկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն «Հրապարակ». Հունանյանին հանեցին, կրակն ընկան. Փնտրտուքի մեջ են՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատախազները կտրվում են քննությունից «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Արտակ Զաքարյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Սամվել Կարապետյանի՝ փրկության ծրագիրը (video) Երևանում բախվել են Mercedes-ը և VAZ 2121-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել են․ կան վիրավորներ Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է ««Ամեն ինչ ճշտով է»… Տիգրան Դումիկյան Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Գործընթացի առիթն այն է եղել, որ գնդերեցները հրաժարվել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև Բացառիկ շանս ունենք (video) Բելգիան փորձարկում է Նիպա վիրուսի դեմ պատվաստանյութը Ինչո՞ւ են հարկատուները սթրես ապրում ՔՊ-ականների պարգևավճարներից․ «Հրապարակ» Լոռու մարզի Վահագնի գյուղում տուն է այրվել ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Patriot հրթիռների վաճառքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am