Սերժ Թանկյանը ցանկանում է Հայաստանում ռոք փառատոն հիմնել (տեսանյութ)
System of a Down խմբի մենակատար, ակտիվիստ Սերժ Թանկյանը հայտարարել է, որ ցանկանում է Հայաստանում հիմնել ռոք փառատոն։ Հաղորդում է CivilNet-ը: «Միշտ երազել եմ Հայաստանում նման միջազգային փառատոն հիմնելու մասին»,- «Ֆրանսպրեսի» հետ զրույցում ասել է Սերժ Թանկյանը։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի Հայաստանը ներառել եվրոպական ամառային փառատոների ծրագրերում, և արևմտյան երաժիշտներն ու խմբերը հնարավորություն կունենան ելույթ ունենալ Հայաստանում․ «Որքան փորձել եմ զբաղվել քաղաքական ու սոցիալական աշխատանքով, այնքան էլ կցանկանայի ժամանակ հատկացնել ու զբաղվել արվեստով՝ երաժշտությամբ»։ Թանկյանը հիշել է System օf a Down-ի երևանյան համերգը՝ ասելով, որ համերգի ժամանակ նայում էր երիտասարդներին ու հիշում իր տատիկին ու պապիկին․ «Որոշ իմաստով կարող եմ ասել, որ System of a Down-ի ողջ կարիերան կառուցվել էր այդ մեկ համերգը տալու համար», - խմբի երևանյան համերգի իր տպավորություններն ամբողջացրել է նա։ Ներկայում ռոք խումբը Եվրոպայում է՝ համերգային շրջագայություններով։ Հունիսի 1-ին ելույթ ունեցան Ցյուրիխում, իսկ հունիսի 3-ին խումբը համերգ ունի Նյուրնբերգում։ System of a Down-ը Երևանում տասնյակ հազարավոր երկրպագուների առաջ հանդես եկավ 2015-ի ապրիլի 23-ին «Արթնացրեք հոգիները» (Wake up the Souls) համերգային շրջագայության շրջանակում։ Այդ օրը համերգի ժամանակ նա ուղերձներ հղեց Հայաստանի իշխանություններին։ Աղբյուր՝ CivilNet
