Լամբադա կամրջի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 6-ը Շտապօգնության մեքենաներով են տեղափոխվել հիվանդանոցներ․Թագուհի Ստեփանյան
Լամբադա կամրջի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի կողաշրջման հետևանքով 6 տուժած շտապ օգնության մեքենաներով է տեղափոխվել երևանյան հիվանդանոցներ՝ 3-ը Հերացու անվան թիվ 1 համալսարանական և 3-ը Արաբկիրի մանկական հիվանդանոց․ այս մասին Tert.am-ին հայտնեց «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնացել»,- հաղորդեց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց վթարի հետևանքով տեղափոխվել է 6, իսկ Քանաքեռ –Զեյթունի բժշկական կենտրոն՝ 1 տուժած: Tert.am-ի հավաքած վերը նշյալ տվյալներով՝ տուժածների թիվը 10-ն է: ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը տեղեկացրել էր, որ մինչ իրենց՝ դեպքի վայր հասնելը տուժածներն արդեն հիվանդանոցներ էին տեղափոխվել շտապօգնության մեքենաներով և անձնական միջոցներով: Հիշեցնենք, որ այսօր՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ:
