Ինչո՞ւ դադարեցվեցին սահմանի վերաբերյալ ՊՆ ամենօրյա հաղորդագրությունները
ԱՐՑԱԽՊՐԵՍ— Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից երեկ՝ մայիսի 31-ին, տարածած հերթական ապատեղեկատվության և սպառնալիքների ու հասարակական հետաքրքրություն ունեցող այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ: -Պարո՛ն Հասրաթյան, երեկ՝ մայիսի 31-ին, ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց ԱՀ ՊԲ-ի կողմից հրադադարը խախտելու և, միևնույն ժամանակ, ականանետերից իրենց բնակավայրերն արկակոծելու մասին: Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: — Ես արդեն առիթ եմ ունեցել տվյալ հարցին պատասխանել և ամբողջովին հերքել եմ հակառակորդի ագիտպրոպի կողմից մայիսի 31-ին տարածված այդ և մյուս ապատեղեկատվությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից հորինված և շրջանառության մեջ դրված «մեղադրանքի» ու երևակայական հաջողությունների հետ կապված հաղորդագրություններին, որոնցում ադրբեջանական կողմը մի դեպքում հայկական զինուժին է վերագրում իրենց բնակավայրերին ականանետային հարվածներ հասցնելու անհիմն մեղադրանքը, իսկ մեկ այլ դեպքում՝ բարձրագոչում, թե իբր իրենց կողմից նույն օրը «ոչնչացվել է հակառակորդի մեկ կրակակետ» և «հատուկ միջոցներով կլանվել տեսադիտարկման մեկ սարք»: Կրակակետի և տեսադիտարկման սարքի «ոչնչացման» կամ «կլանման» մասով ասեմ, որ այդ տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական պրիմիտիվ քարոզչության տիպիկ օրինակ: — Բացի մեղադրանքից ադրբեջանական կողմն իր տարածած հաղորդագրության վերջում հայտարարեց, որ «հայկական կողմի նման սադրանքները շարունակվելու դեպքում» իրենց տրամադրության տակ եղած հրետանային միջոցներից կրակի տակ կառնեն մարտագծից ավելի մեծ խորությամբ գտնվող հայկական բնակավայրերը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: — Նման շինծու մեղադրանքից հետո ամպագորգոռ հայտարարություններով հանդես գալն ադրբեջանական ագիտպրոպին հատուկ գործելաոճ է: Մեր բանակի թիվ մեկ խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումն է, իսկ մենք դրան պատրաստ ենք ցանկացած պահի և ցանկացած պարագայում, մանավանդ, որ հայկական բանակն ունի ոչ միայն իր առջև դրված խնդրի կատարմանը լավագույնս տիրապետող զինվոր, այլև հակառակորդի զինատեսակներին իր մարտավարատեխնիկական հատկանիշներով գերազանցող հնարավորություններ: — Եվ վերջում, օգտվելով առիթից, ևս մեկ հարց՝ ինչո՞վ է պայմանավորված առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունների տարածման պարբերականության փոփոխությունը: — Ասեմ, որ վերջին շրջանում ԶԼՄ-ները բավականին հաճախ են այս հարցով դիմում բանակի հրամանատարությանն ու, մասնավորապես՝ մամուլի պատասխանատուներին: Այս կապակցությամբ փորձեմ շատ հակիրճ ներկայացնել իմ տեսակետը: Բոլորս ու, հատկապես բանակի հետ առնչվող լրագրողները, մի բան պետք է հստակ գիտակցենք, որ այն որոշումները, որոնք կայացվում են մեր զինված ուժերում, խորապես մտածված են, և դրանք բխում են ոչ թե հանրային հետաքրքրությունները բավարարելու անհրաժեշտությունից, այլև բացառապես պայմանավորված են ռազմամարտավարական բնույթի խիստ կարևոր նշանակության խնդիրներ լուծելու պահանջով: Սա ռազմական գործի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որը պետք է յուրաքանչյուրս հասկանանք և հարգենք:
