Դատարանը վերացրել է «Սասնա ծռեր»-ի երեք անդամների տեսակցությունների արգելքը. Ազատություն ռադիոկայան
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի երեք անդամներ դատարանի որոշմամբ իրավունք ունեն տեսակցելու ընտանիքի անդամներին և մերձավորներին։ Որոշումը կայացրել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի և Արմեն Լամբարյանի տեսակցությունների արգելքը վերացնելու պահանջով դիմել էր դատարան՝ նշելով, որ նրանց գործի նախաքննությունն ավարտված է, գործն ուղարկված է դատարան, և նախաքննական մարմնի պնդումները, թե կխոչընդոտեն նախաքննությունը, այլևս արդիական չեն։ Դատարանը բավարարել է նրա դիմումը։
