Կգույքագրվեն աղբամանները, զուգարանները, գազալցակայանները
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակից հետո, նախնական տվյալներով, պարզվել է, որ ավելի քան 750 տնտեսվարող սուբյեկտ , որոնց մեջ ներառված են և՛ առևտրի, և՛ սննդի օբյեկտներ, չունեն աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրեր,Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ շաբաթօրյակները կրելու են շարունակական բնույթ ու ավելի համակարգված են իրականացվելու։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարվեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել մայիսի 27-ին տեղի ունեցած շաբաթօրյակի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: Գործադիրի ղեկավարը հանձնարարեց գույքագրել զբոսաշրջային վայրերում աղբամանների, զուգարանների, գազալցակայանների թիվը: Ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում պետք է ապահովեն դրանց հասանելիությունը քաղաքացիների համար. «Գազալցակայանը և հասարակական օբյեկտները պետք է ունենան նորմերին համապատասխան զուգարաններ և աղբամաններ։ Երբ ոստիկանները դիտողություն են անում քաղաքացիներին, նրանք ասում են, որ համապատասխան տեղերում աղբամաններ չկան։ Պետք է բոլորը դարձնել հասանելի և օգտագործելի»,- նշեց վարչապետը: Կարեն Կարապետյանը վստահեցրեց նաև, որ շաբաթօրյակները պարբերական բնույթ են կրելու:
