ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը՝զավեշտալի իրավիճակում/տեսանյութ/
Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչն անհարմար դրության մեջ է հայտնվել՝ մոտ 20 վայրկյան մտածելով իրեն տրված հարցի շուրջ: Պետքարտուղարի օգնականի պարտականությունները ստանձնած Ստյուարտ Ջոնսն լռություն է պահպանել, երբ նրան Սաուդյան Արաբիայում ժողովրդավարության վիճակի մասին հարց են տվել: «Երբ ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում էր, նա քննադատեց վերջերս Իրանում կայացած նախագահական ընտրություններն ու ժողովրդավարության նկատմամբ այդ երկրի վերաբերմունքը: Ինչպե՞ս եք գնահատում Սաուդյան Արաբիայում ժողովրդավարության վիճակը: Արդյո՞ք ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ ժողովրդավարությունը խոչընդոտում է ծայրահեղականների դեմ պայքարին»,- սա էր լրագրողի հարցը: Ջոնսը մոտ 20 վայրկյան չի կարողացել պատասխանել, իսկ հետո, անտեսելով հարցի առաջին մասը, ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են միասին պայքարել ծայրահեղականության դեմ:
