Կոստանյանը հրաժարվում է անցյալից
Նախկին Գլխավոր դատախազ, ներկայումս ԱԺ շարքային պատգամավոր Գեւորգ Կոստանյանը իրեն շարունակում է զգալ բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակում։ Ազգային ժողովում շրջում է թիկնապահներով, ակնհայտ դիսկոմֆորտի մեջ է, քիչ է լինելում նիստերի դահլիճում։ Բայց քանի որ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննվում է նաեւ դատավորների, քնիչների թոշակի հարցին վերաբերող նախագծեր , նախկին գլխավոր դատախազը ստիպված էր շատ ժամանակ անցկացնել դահլիճում, շփվել նաեւ լրագրողների հետ ու հետաքրքիր մտքեր հայտնել։ Ազգային ժողովը այսօր ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը: Ըստ այս օրենքի՝ այսուհետ 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քննիչներն ու դատախազները անկախ այն ժամանակահատվածից, թե երբ կգնան թոշակի, կստանան 400 հազար դրամի թոշակ: Ըստ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ այս օրենքի ընդունումն անհրաժեշտություն էր, որովհետև բազմաթիվ լրջագույն կադրեր՝ Դատախազությունում և Քննչական կոմիտեում, զուտ սոցիալական ապահովության անկայունության պատճառով պատրաստ էին համակարգը լքել, ինչը պետությանն էր վնաս: Դիտարկմանը՝ ձուկը գլխից է հոտում, և դատավորները, դատախազները կաշառք են վերցնում, կիսվում են վերևների հետ, նախկին գլխավոր դատախազն արձագանքեց. «Ես երբեք չեմ վիճարկում այն ասացվածքը, որ ձուկը գլխից է հոտում, բայց, կարող եմ իմ պաշտոնավարման ժամանակի հետ կապված ասել և ընդգծել, որ այդ ժամանակահատվածում, եթե կա որևէ մեկը, որը կասի, թե դատախազը կաշառք է վերցրել, կամ եթե առավել ևս դա վերևներին է տվել, ես պատրաստ եմ անձամբ միջնորդել և քրեական գործ հարուցել այդ փաստի կապակցությամբ»,- վստահեցրեց Կոստանյանը: Կոստանյանը մանրամասնեց, որ «վերեւ» ասելով, նաեւ իրեն նկատի ունի, երբ գլխավոր դատախազ էր: «Ես միշտ ասել եմ և ասում եմ, որ կաշառքի թույլատրելիությունը տեսել եմ ոչ միայն օրենքի արգելելու տեսակետից, այլև դա դիտել եմ, դիտում եմ և դիտելու եմ անբարոյականություն, իսկ անբարոյականությունից բխող վարքագիծը, անկախ նրանից՝ ում կողմից է դրսևորվում, անբարոյականություն է իր էությամբ, ես փորձում եմ շատ մեղմ այդ ամենի մասին արտահայտվել»,- ասաց նա: Իհարկե, պաշտոնաթող դատախազը կարող է հիմա պարծենալ իր անցյալով ու անգամ երդվել, թե որեւէ դատավոր, դատախազ իր պաշտոնավարման տարիներին կաշառք չի վերցրել, իսկ մենք էլ իրավունք ունենք հավատալ կամ չհավատալ նախկին դատախազի ասածներին, քանի որ թե կաշառք վերցնողն են իրենք եղել, թե այդ դեպքերը բացահայտողն ու կոծկողը։ Եթե Կոստանյանը իսկապես կարծում է, թե որեւէ մեկն այնքան միամիտ է, որ կարող է հավատալ իր խոսքերին ու ակնկալել, թե կգտնվի որեւէ մեկը, ով կբացահայտի կոռոպցիոն հանցավոր սխեման, ապա չարաչար սխալվում է։ Բայցեւայնպես դրա կարիքն առանձնապես չի էլ զգացվում, որովհետեւ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում հասցրել է ցույց տալ իր վերաբերմունքը կաշառքի ու առհասարակ նման երեւույթների նկատմամբ։ Հենց Կոստանյանի բարձր հովանու ներքո Բուդաղյանների գործը կոծկվեց, եւ Սյունիքի տխրահռչակ մարզպետի որդուն՝ Տիգրանին, ազատություն շնորհվեց։ Հետո էլ Խաչատրյանների թիրախում հայտված երկու եղբայրների գործը ջրվեց,, որոնցից մեկը զրկվել է աչքից ։ Միթե սա ավելին չէր, քան կաշառքը։ Կոստանյանը ամրագրեց, որ Հայաստանի իրավական համակարգն ընդհանուր ոչինչ չունի օրինականության հետ: Սա վաղուց դարձել է մի կառույց, որտեղ պաշտպանում են քրեական տարրերի անվտանգությունը:Իսկ այդ ամենը երբեք անհատույց չի լինում։ Անի Սահակյան
