Թբիլիսիում բախումներ՝ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև
«Ադրբեջանցիներն անընդհատ խոսում էին իրենց տարածքների օկուպացման մասին: Դրանց մեր կողմից տրվել են շատ հստակ պարզաբանումներ: Մենք նշել ենք, որ Ադրբեջանն է զավթել հայկական հողերը՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը», - ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լրագրողներին պատմեց Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև տեղի ունեցած բախումների մասին:
«Ելք» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ ինքը երկու անգամ բախումներ է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
«Ինչ վերաբերում է Վրաստանի պատվիրակությանը, նրանք բոլոր կոնֆլիկտային խնդիրները ներկայացրել են մեկ հարթության մեջ, որտեղ Ռուսաստանը մասնակցություն ունի: Ես Վրաստանի ներկայացուցչին ասացի, որ ընդհանրացում չի կարելի, որ ԼՂ կոնֆլիկտը տարբերվում է մյուս կոնֆլիկտներից և միակ կոնֆլիկտն է, որտեղ ռուսական զորք չկա: Նաև նշեցի, որ ինքս երբեք չէի համեմետի Վրաստանը Ադրբեջանի հետ, քանի որ Վրաստանը երբեք չի հարձակվում Օսեթիայի վրա և չի խոշտանգում զինվորների մարմինները», - նշեց նա:
Է. Մարուքյանի դիտարկմամբ, իր ելույթից հետո շատ պատվիրակներ մոտեցել են և շնորհակալություն հայտնել, որ ինքը ներկայացրել է իրավիճակը` պնդելով, որ անձամբ տեղյակ չէին ղարաբաղյան հակամարտության մանրամասներից:
