Համայնքների խոշորացումը դրական երևույթ է,բայց կարող են նաև լինել խնդիրներ.սոցիոլոգ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է,որ համայնքների խոշորացումը դրական երեւույթ է, բայց դրա հետ կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչեւ չլուծվեն, այդ քայլին գնալ չի կարելի: «Առաջին հերթին պետք է մտածել աշակերտների մասին:Եթե լինեն ավտոբուսներ, որոնք ամեն առավոտ երեխաներին կտանեն հեռու ինչ-որ մի տեղ դպրոց, կարծում եմ խնդիրը կլուծվի, բայց այստեղ էլ խնդիր կառաջանա ձմռանը, ճանապարհների անանցանելի լինելու պատճառով: Այս բոլոր հարցերը պետք է նախ պետությունը լուծի, հետո նոր մտածի համայնքների խոշորացման մասին»,ասաց Ադիբեկյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Համայնքների խոշորացումը կարող է նաեւ խնդիր լինել տարեցների համար:Պետք է բոլոր գյուղերում ապահովվի ինտերնետ կապ, որպեսզի քաղաքացին չգնա մարզկենտրոն ինչ-որ տեղեկանքի համար: Կան համայնքներ, որ մարզկենտրոնից հեռու են 70 կմ: Նմանատիպ խնդիրները կարելի է լուծել. տեխնիկական պրոբլեմներ են դրանք: Համայնքապետարաններում կարող են փաստաթղթերը պատրաստել, համացանցի միջոցով ուղարկել մարզկենտրոն ու տվյալ տեղեկանքը ստանալ քաղաքացու համար, թե չէ, թոշակառուն ինչպե՞ս կարող է այդքան ճանապարհ կտրել ու հասնել մարզկենտրոն»,հավելեց սոցիոլոգը:
