Շողեր Մաթևոսյան. Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում
«Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանի հարցազրույցը NewsBook-ին: - Տիկին Մաթևոսյան, «ՉԻ» կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, պատահականությո՞ւն է, թե՞ որոշակի միտում եք տեսնում։ - Ես նման պատահականություններին չեմ հավատում։ Ժամանակին «պատահաբար» թերթի խմբագրությունն էին պայթեցնում, հետո «պատահաբար» լրագրողների վրա էին հարձակվում, հիմա, երևի, որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում։ - Ձեր կարծիքով՝ դա որևէ կոնկրետ հրապարակման հե՞տ է կապված։ - Չեմ կարծում։ Ավելի հավանական է, որ մեր թերթը խանգարում է այն յուրատեսակ ներդաշնակությանը, որը ձևավորվել է Հայաստանում՝ խորհրդարանական ընտրություններից հետո։ Կա հանրապետական մեծամասնություն, կա դեկորատիվ ընդդիմություն, շատ գեղեցիկ ներկայացում է խաղարկվում, իսկ մեր թերթը բացահայտում է խաղը ու փաստորեն փչացնում է մեծ ջանքերով ձեռք բերված այս համատարած թմբիրը։ - Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։ - Մասնագետներն աշխատում են, հուսով ենք՝ կայքի գործունեությունը շատ արագ կվերսկսվի։ Իսկ ընդհանրապես՝ առաջին անգամը չէ, ավելի լուրջ խոչընդոտներ էլ ենք հաղթահարել։
