«Չհամարձակվեք մյուս անգամ մեր հարցերին ի պատասխան՝ հիշեցնել Թուրքիան և Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում ասաց, որ խոսքի ազատության սահմանափակման որևէ դրույթ ՀՀ տարածքում չկա։ «Եթե սա առնչվում է խոսքի ազատության հետ, ապա միանշանակ Թուրքիայի և Ադրբեջանի մեդիաշահերը պաշտպանող կառույցներին է առնչվում։ Սրանով լուրջ վտանգվում է և՛ թուրքական, և՛ ադրբեջանական մեդիաների ներթափանցումը ՀՀ տարածք»,- ասաց նա։ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ խաղաղ քննարկում էր ընթանում, և հանկարծ սկսեցիք Թուրքիայից և Ադրբեջանից խոսել. «Ընդհանրապես, հանրապետականներին խորհուրդ եմ տալիս՝ Թուրքիա-Ադրբեջան տերմինաբանությունն ընդդիմությանը հակազդելու համար չօգտագործել։ Ամեն անգամ, երբ դուք խոսեք Թուրքիայի և Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ եք զիջել։ Հիմա ի՞նչ կապ ունի դա խոսքի ազատության հետ»։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կոչ արեց բոլորին՝ փոխադարձ հարգանք պահպանել:
